«Մյուռոնօրհնություն» թեմային նվիրված նամականիշով գեղաթերթիկի մարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

«Մյուռոնօրհնություն» թեմային նվիրված նամականիշով գեղաթերթիկի մարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 30.09.2015
«Մյուռոնօրհնություն» թեմային նվիրված գեղաթերթիկի մարում Մայր Աթոռում


     Սեպտեմբերի 29-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Մյուռոնօրհնություն» թեմայով նամականիշով գեղաթերթիկի մարում: 20000 տպաքանակով թողարկված նամականիշը պատկերում է Մայր Տաճարը և Սրբալույս Մյուռոնի կաթսան:
     Արարողությունն սկսվեց «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի բացման խոսքով:
     Նամականիշը մարվեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադևոսյանի և «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի կողմից:
     Արարողությունից հետո, շնորհավորելով ամենքին, Մուշեղ Սրբազանն ասաց. «Այս պահից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սրբալույս Մյուռոնի կաթսայի պատկերով այս նամականիշը պիտի հասնի աշխարհի բոլոր ծագերը` դառնալով Հայ Եկեղեցու թարգմանը և դեսպանը»: Սրբազանն արդյունավետ գործակցության համար մասնավորապես շնորհակալություն հայտնեց «Հայփոստի» ներկայացուցիչներին և ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարությանը:
     Իր հերթին ՀՀ Կապի և տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը` նշեց, որ Սրբալույս Մյուռոնի կաթսային նվիրված նամականիշն ըստ էության կդառանա մատենագիտական արժեք: Նա կարևոր համարեց նաև այն, որ նամականիշը մարվում է 2015 թվականի Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարում:
Արարողությունը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և «Պահպանիչ» աղոթքով: