Մկրտություն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մարտի 4-ին Քրեակատարողական հիմնարկների հովվությունը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կազմակերպեց մկրտության արարողություն:
Սա առաջին մկրտությունն էր, որ կատարվեց կալանավայրի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` կառուցված 2010 թվականին` հենց դատապարտյալների ուժերով:
21 դատապարտյալներ մկրտվեցին քրեակատարողական հիմնարկների նորանշանակ հոգեւոր տեսուչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի, Հառիճավանքի վանահայր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի եւ Շիրակի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Արշեն քահանա Սարգսյանի կողմից:
«Դուք մկրտության միջոցով լվացվեցիք ոչ միայն ձեր մեղքերից, այլեւ Սուրբ Հոգու շնորհները ստացաք, որպեսզի կարողանաք ձեր հետագա կյանքը ապրել ըստ Քրիստոսի պատգամների ու պատվիրանների: Իսկ Քրիստոսի ամենամեծ պատգամը դա սերն էր», - նշեց Հայր Ռուբենն իր շնորհավորական խոսքում: Հայր Սուրբը հորդորեց մկրտվածներին աղոթքի մոջոցով մշտապես Աստծո ներկայությունն ունենալ իրենց կյանքում եւ վստահություն հայտնեց, որ այս մկրտությունը օրինակ կծառայի շատերի համար, կմատնանշի դժվարությունները հաղթահարելու եւ դարձի գալու ճանապարհը:
Այս առիթով մկրտվածներին փոխանցվեցին նաեւ մկրտության խաչեր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից: