Մխիթարյան վարժարանի եւ Համազգային ճեմարանի սաները Մայր Աթոռում

Մխիթարյան վարժարանի եւ  Համազգային ճեմարանի սաները Մայր Աթոռում    19.09.2012
Մխիթարյան վարժարանի եւ Համազգային ճեմարանի սաները Մայր Աթոռում

 

Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի եւ Ավստրալիայի Համազգային «Արշակ եւ Սոֆի Գոլսդն» ճեմարանի սաներին:

Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ողջունեց Արգենտինայի եւ Ավստրալիայի հայկական դպրոցների սաներին` նշելով, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել ամեն տարի Հայաստան եւ Մայր Աթոռ ուխտագնացություն կազմակերպելը:

Իր խոսքում Նորին Սրբությունը սփյուռքահայ երիտասարդների կյանքում կարեւորեց Հայրենիք այցելությունների դերակատարությունը, քանի որ դրանց շնորհիվ հայորդիները հաղորդ են դառնում հայրենի իրականությանը, իրենց աչքերով տեսնում հոգեւոր-ազգային այն արժեքները, որոնց մասին սովորել են դպրոցում: Ամենայն Հայոց Հայրապետի համոզմամբ` հայրենի արժեքների հետ անմիջական հաղորդակցությունը ամրացնում է սաների ազգային ոգին, գիտակցությունն ու նախանձախնդրությունը` շարունակելու ապրել որպես հայ ազգի զավակ:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց  երկու դպրոցների մանկավարժներին, հոգաբարձուներին եւ ղեկավարներին` հաստատություններում կրթության որակը բարձր պահելու նախանձախնդրության եւ սաներին հայեցի դաստիարակելու համար: