Միջխորհրդարանական Ուղղափառության ՎեհաԺողովի գերագույն ասամբլեան Աթենքում

Միջխորհրդարանական Ուղղափառության ՎեհաԺողովի գերագույն ասամբլեան Աթենքում

     Հունիսի 26-ից հուլիսի 1-ը Աթենքում տեղի ունեցավ Միջխորհրդարանական Ուղղափառության ՎեհաԺողովի գերագույն ասամբլեան`«Խորհրդարանական ժողովրդավարություն-քրիստոնեություն-ուղղափառություն` արժեքներ և նշանակություններ» խորագրով: Ասամբլեան նվիրված էր վեհաժողովի հիմնադրաման 20-ամյակին:
     Ասամբլեայի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսին են  «Ուղղափառությունը և ժողովրդավարությունը», «Արդի դարաշրջանի արժեքները և իմաստները քրիստոնեության սահմանմամբ», որից հետո բուն թեմայի ծավալուն քննարկում եղավ: 
 Հունիսի 29-ին տեղի ունեցավ Վեհաժողովի 20-ամյակի հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ընթերցվեց Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը` ուղղված Միջխորհրդարանական Ուղղափառության Վեհաժողովի անդամներին:
    Ուղերձում ասված էր. «Ուրախություն է Մեզ համար Ուղղափառության Միջխորհրդարանական Վեհաժողովի հոբելյանական 20-ամյակի առիթով, արդյունավետ աշխատանքի բարեմաղթանքներով, հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունները հղել Ձեզ: Գոհունակություն էր Մեզ համար դեռևս 2010 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել Ուղղափառության Միջխորհրդարանական Վեհաժողովի մասնակիցներիդ և ծանոթանալ կազմակերպության հետ, որը ստեղծվեց մեր ժողովուրդների համար վճռորոշ ժամանակներում, երբ Արևելյան Եվրոպայի շատ երկրներ թոթափեցին աստվածամերժ ռեժիմները և հիմքերը դրեցին ազատ և ժողովրդավար պետությունների կառուցման: Հոգու բերկրանքով ենք անդրադառնում, որ պատմական այս ժամանակշրջանում ստեղծված Ուղղափառության Միջխորհրդարանական կառույցն այսօր քսանհինգ և ավելի անդամներ ունի, և լինելով արևելյան քրիստոնական արժեքների կրողը` մեր Եկեղեցիների հավատավոր զավակների միջոցով ծառայում և նպաստ է բերում մարդկության և մեր ժողովուրդների առջև ծառացած և համաշխարհային հանրությանը հուզող ժամանակի մարտահրավերների հաղթահարմանը:
      Քրիստոնեական աշխարհը իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել համաշխարհային քաղաքակրթության զարգացման և համամարդկային արժեքային համակարգի ստեղծման գործում: Հայաստանը, որն առաջինն է քրիստոնեությունը հռչակել որպես պետական կրոն, իր հինավուրց Առաքելական Սուրբ Եկեղեցիով այսօր էլ հավատարիմ  մնալով հանդուրժողականության և համերաշխության գաղափարներին, պատրաստակամ է միջեկեղեցական և միջկրոնական ամենալայն երկխոսության ու  համատեղ աշխատանքի` ի նպաստ խաղաղության և ժողովուրդների ու ազգերի բարօրության:
      Ուրախությամբ ենք անդրադառնում, որ Հայաստանի Հանրապետությունը և Հայ Առաքելական Եկեղեցին ակտիվ մասնակցություն ունեն միջազգային խաղաղարար կազմակերպությունների աշխատանքներում: Կարևորում ենք նաև համագործակցությունը Ուղղափառության Միջխորհրդարանական Վեհաժողովի շրջանակներում, որի ապացույցն է Վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության արդյունավետ գործունեությունը: Լիահույս ենք, որ խորհրդարանական դիվանագիտությունը ժամանակակից կնճռոտ խնդիրները փակուղուց դուրս բերելու առավել արդյունավետ ուղի է, և այդ գործում կարևոր է նաև Ձեր կազմակերպության դերը: Վեհաժողովը  գործունեություն  է ծավալում աշխարհի չորս կողմերում և տարբեր միջոցառումների ու նախաձեռնությունների իրագործման միջոցով փորձում նպաստել ժողովուրդների փոխհարաբերությունների բարելավմանը, գոյություն ունեցող տարաձայնությունների հաղթահարմանը և մարդկության կյանքում վճռորոշ դեր ունեցող քաղաքական ու կրոնական հոսանքների միջև համագործակցության զարգացմանը: 
      Այս առթիվ գնահատանքով ենք անդրադառնում Միջխորհրդարանական Վեհաժողովի կողմից ընդունված «Տարածաշրջանում քրիստոնեական  հոգևոր և մշակութային հուշարձանների պահպանման ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» և «Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ» բանաձևերին, որոնցով Վեհաժողովը վկայեց համամարդկային արժեքների հավատարիմ պաշտպանի իր կոչումը: 
      Վստահ ենք, որ ունենալով երկու տասնամյակների հարուստ փորձառություն` Միջխորհրդարանական Վեհաժողովը իր հետագա գործունեությամբ կշարունակի զգալի ներդրում ունենալ խաղաղության ամրապնդման, միջկրոնական տարաձայնությունների հարթման, մշակութային և հոգևոր համագործակցության ոլորտներում արդյունավետ միջոցներ գտնելու գործում. «Այլ ամենայն ինչ  յԱստուծոյ, որ հաշտեցոյցն զմեզ ընդ Իւր ի ձեռն Քրիստոսի, և ետ մեզ զպաշտօնն հաշտութեան» (Բ Կոր. 5. 18):
Առ Աստված աղոթքով Տիրոջ զորակցությունն ենք հայցում Ուղղափառության Միջխորհրդանական Վեհաժողովի մասնակիցներիդ, մաղթում արդյունավոր աշխատանք` հանուն աշխարհում խաղաղության ու ապահովության հաստատման և քրիստոնեական արժեքների տարածման:
 Այլև հայցում ենք, որ Տերը անշրջելի առաջնընթաց ու բարգավաճում պարգևի  Ձեր երկրներին ու աստվածասեր Ձեր ժողովուրդներին»: 
     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից որպես հանդիսությանը ներկայացուցիչ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցեց Տավուշի թեմի առաջնորդ  Տ. Եզնիկ արք. Պետրոսյանը: