Միջեկեղեցական ժողով Հռոդոսում
Հունիսի 24-28-ը Կ. Պոլսի Տիեզերական Պատրիարքության հրավերով Հունաստանի Հռոդոս կղզում տեղի ունեցավ տարվույս սեպտեմբերի 4-9-ը Ռումինիայի Սիբիու քաղաքում կայանալիք Երրորդ Էկումենիկ համաեվրոպական համագումարի նախապատրաստական հանդիպումը, որին մասնակցում էին շուրջ 35 ներկայացուցիչներ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսին անդամակցող Ուղղափառ Եկեղեցիներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Եկեղեցուց ժողովին մասնակցեցին Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Հոգեշնորհ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երրորդ Էկումենիկ համաեվրոպական համագումարին առնչվող խնդիրներ, Եկեղեցիների դերը եվրոպական նոր հասարակության ձեւավորման գործընթացում, կարծիքներ փոխանակվեցին նաեւ Երրորդ Էկումենիկ համաեվրոպական համագումարի ընթացքում Ուղղափառ Եկեղեցիների համատեղ վկայության եւ արդյունավետ մասնակցության համար: Ժողովականները բաժանվեցին նաեւ երեք խմբերի` քննության առարկա դարձնելով հետեւյալ կարեւոր թեմաները` «Քրիստոսի Լույսը եւ Եկեղեցին», «Քրիստոսի Լույսը եւ Եվրոպան» եւ «Քրիստոսի Լույսը եւ աշխարհը»:
Մասնակիցները այցելելեցին նաեւ Հռոդոսի սրբավայրեր, հանդիպում ունեցան Հռոդոսի Կիրիլոս Միտրոպոլիտի հետ, ինչպես նաեւ ծանոթացան միտրոպոլիայի եւ քաղաքի կյանքին: