Միջեկեղեցական ժողով Հռոդոսում

Հունիսի 24-28-ը Տիեզերական Պատրիարքության հրավերով Հռոդոս կղզում ընթանում է սույն թվականի սեպտեմբերի 4-9-ը Ռումինիայի Սիբիու քաղաքում կայանալիք Երրորդ Էկումենիկ համաեվրոպական համագումարի նախապատրաստական հանդիպումը, որին մասնակցում են շուրջ 30 ներկայացուցիչներ Եվրոպայի ուղղափառ եկեղեցիներից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այդ հանդիպմանը Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում են Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը եւ Հոգեշնորհ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը:

Հանդիպման նպատակն է պարզել, թե ուղղափառ եկեղեցիները աստվածաբանական տեսանկյունից ինչ ներդրում կարող են ունենալ Սիբիուի Երրորդ Էկումենիկ համաեվրոպական համագումարի աշխատանքներում: Քննարկվելու են նաեւ մի շարք գործնական հարցեր, որոնք հուզում են ուղղափառ եկեղեցիներին:

Մասնակիցները այցելելու են նաեւ Հռոդոսի սրբավայրեր, հանդիպում են ունենալու Հռոդոսի Կիրիլոս Միտրոպոլիտի հետ: