Միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, իր աշխատանքն սկսեց «Կոմունիզմի «դասերն» Եկեղեցիներին» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի բացումը կատարեցին Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը եւ Գերմանիայի Գոթթինգենի համալսարանի պրոֆեսոր Յուկո Մարտիկայնեն` անդրադառնալով գիտաժողովի անցկացման մտահղացմանը: Կազմակերպիչները նաեւ շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին` գիտաժողովի մասնակիցներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու համար: Ապա ներկայացվեց Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցու առաջնորդ, Տուրկուի եւ Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Ջուկկա Պաարմայի ուղերձը գիտաժողովի մասնակիցներին:
Նույն օրը բանախոսություններով հանդես եկան Հելսինկիի համալսարանից պրոֆ. Էինո Մուրտորինեն («Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի Եկեղեցիներն ու կրոնները կոմունիստական ճնշման ներքո»), Ֆինլանդիայի Ավետարանական Լյութերական եկեղեցու գիտահետազոտական կենտրոնի տնօրեն դոկտ. Կիմո Կարիանեն («Կրոնի ընդհանուր հասկացությունը հետ-սոցիալիստական երկրներում»), ՀՀ Ազգային արխիվի տնօրեն դոկտ. Ամատունի Վիրաբյանը («Հայ Եկեղեցին Խորհրդային Հայաստանում 1920-1930 թթ.»), Գերմանիայի Գոթթինգենի համալսարանի պրոֆեսոր Յուկո Մարտիկայնեն («Բախում Իսլամի եւ Կոմունիզմի հետ. Ջանալով դասեր քաղել հայոց պատմության` 1300-ամյա դաժան փորձառություններից»), Կարլսրուի համալսարանի դասախոս դոկտ. Քեթրին Քանտերը («Ակտիվ ընդդիմության միջեւ` երկխոսություն եւ հավատարմություն, Եկեղեցիները Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում 1970-1989/90 թթ.»):
Երեկոյան, Գեւորգյան Հոգեւոր ճեմարանում գիտաժողովի մասնակիցները կդիտեն «Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց» ֆիլմը եւ կունկնդրեն Տ. Եղիշե ավագ քահանա Սար•սյանի բանախոսությունը «Հայ Եկեղեցին 20-րդ դարում» թեմայով:
Ապրիլի 14-ին զեկույցներով հանդես կգան պրոֆ. Յուկո Թալոնեն («Եկեղեցին Կոմունիստական Ռեժիմի ներքո. Լատվիայի Ավետարանական Լյութերական Եկեղեցու զարգացումը Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո»), Արքեպիսկոպոս Յանիս Վանագսը («Պրոֆ. Թալոնենի հոդվածի մեկնաբանություն»), Լատվիայի Ավետարանական Լյութերական Եկեղեցու անդամ դոկտ. Ուգիս Սիլդեգսը («Գետտոյի աստվածաբանությունը. Նիկոլայ Պլատեն` որպես Խորհրդային Լատվիայի աստվածաբան») եւ Մոսկվայի Պատրիարքության Եկեղեցու արտաքին հարաբերությունների բաժնի աշխատակից Տ. Ալեքսանդր քահանա Վասյուտինը («Ռուս Ուղղափառ Եկեղեցին 20-րդ դարում. Խորհրդային ժամանակաշրջանից քաղած դասերը»):