Միաբանական հավաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Իրադարձությունների տեսանյութ

Հունիսի 2-ին համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքներն սկսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հերթական` հինգերորդ հավաքը: Հավաքին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում եւ կառույցներում ծառայող շուրջ 85 միաբաններ /աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ/: Նախորդ հավաքները գումարվել են 1988, 2001, 2003 եւ 2006 թվականներին:

Միաբանական հավաքին ներկա էին Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների միաբաններ` երկու ներկայացուցիչ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, մեկական ներկայացուցիչ Երուսաղեմի եւ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքություններից:

Հավաքն սկսվեց կազմակերպչական հանձնախմբի ատենապետ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի բացման խոսքով: Հանուն Նվիրապետական Աթոռների գահակալների միաբանական հավաքի մասնակիցներին ողջունեցին Տ. Սահակ աբեղա Եմիշյանը եւ Տ. Եղիշե վարդապետ Ոչքունյանը:

Ապա միաբաններին հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը խորհրդանշական համարեց այն, որ միաբանական հավաքը տեղի է ունենում նվիրական տոների շնորհաբեր մթնոլորտում: Վեհափառ Հայրապետը նկատեց, որ միաբանների մասնակցությունը Հռիփսիմյանց եւ Գայանյանց տոներին, առաջիկա օրերին նաեւ Սբ. Շողակաթի, Սբ. Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելնելու եւ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոներին, առիթ է ընձեռում վերապրելու հայոց ազգային դարձի ակունքներում գտնվող իրադարձությունները եւ այդ վերապրումով նորոգելու ուխտը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ:

«Սուրբ Էջմիածինը մեզ համար ամենանվիրական սրբություններից է, որ անջնջելիորեն դաջված է մեր հոգիներում անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում` Հայաստանում, թե Սփյուռքում: Սուրբ Էջմիածինը մեր հոգեւոր ծննդավայրն է, մեր առաքելությունը եւ մեր ուխտը, եւ այս խորհրդի ապրումով հավաքվել ենք այստեղ քննարկելու այն խնդիրներն ու հրամայականները, որոնց առաջ այսօր կանգնած եք յուրաքանչյուրդ իբրեւ հայ հոգեւորական, իբրեւ սպասավոր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հատկապես, որ ձեզանից շատերը հովվական ծառայության մեջ անմիջականորեն բախվում են ներկայիս խնդիրներին եւ մարտահրավերներին», - նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հրավիրելով միաբաններին իրենց քննարկումներով եւ առաջարկներով նպաստել առկա խնդիրների լուծմանն ու Եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրականացմանը աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում:

Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաեւ եկեղեցականի նկարագրին` նշելով, որ հոգեւորականի անձնական շահը երբեք չի կարող գերադասվել ազգի եւ Եկեղեցու շահից: Նորին Սրբությունը հորդորեց միաբաններին օրինակելի վարքով եւ հոգեւոր կոչման բարձր գիտակցությամբ շարունակել իրենց նվիրյալ ծառայությունը` հավելելով փառքը մեր Սուրբ Եկեղեցու եւ առավել հաստատելով հայ հոգեւորականի բարի համբավը մեր ժողովրդի կյանքում:

Այնուհետեւ, միաբանական 4-րդ հավաքի ատենագրության եւ օրակարգի վավերացումից հետո, սկսվեց համագումարի առաջին նիստը:

Նիստի ընթացքում Գեւորգյան հոգեւոր ճեմարանի փոխտեսուչ Տ. Տիրան աբեղա Պետրոսյանը ներկայացրեց բանախոսություն` «Կարգ հիվանդաց»-ին առնչվող ժամանակակից դիտարկումներ» թեմայով: Բանախոսություններով հանդես եկան նաեւ Տ. Վարանդ վարդապետ Քորթմոսյանն («Քրիստոնեական դաստիարակության վիճակը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունում») ու Տ. Սահակ աբեղա Եմիշյանը («Երիտասարդական առաքելությունը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունում»): Տեղի ունեցավ նաեւ քննարկում «Հայ Եկեղեցու ժամանակակից մարտահրավերները» թեմայով:

Միաբանական հավաքի առաջին օրվա ավարտին Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Մայր Աթոռի հանգուցյալ միաբանների համար: