Միաբանական համագումարը հանդես եկավ հայտարարությամբ
Հունիսի 4-10-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ անցկացվող միաբանական համագումարը հանդես եկավ հայտարարությամբ հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում վերջին օրերին արձանագրված ցավալի դեպքերի առնչությամբ, որում մասնավորապես ասվում է. «Խորապես անհանգստացած ենք Հայաստանի Հանրապետության` Ադրբեջանին հարող սահմանագծում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հրադադարի ռեժիմի պարբերական խախտման դեպքերով, որոնց հետեւանքով վիրավորվում եւ զոհվում են ինչպես Հայոց բանակի զինվորներ, այնպես եւ խաղաղ բնակիչներ: Վերջին օրերին մենք ականատես եղանք հրադադարի հերթական խախտումների, երբ ադրբեջանական սադրանքի զոհ դարձան ՀՀ սահմանի վրա իրենց ծառայությունը բերող անմեղ զինվորներ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր Հովվապետով մշտապես արտահայտել է նվիրվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման գործընթացին: Որպես Տիրոջ խաղաղության ուղերձի պատգամաբերներ` խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները` ուղղված տարածաշրջանում փխրուն խաղաղության խաթարմանը:
Կոչ ենք ուղղում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդ երկրներին, միջազգային հանրությանը եւ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդներին` ջանքեր գործադրել կասեցնելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը:
Մեր սրտակցությունն ենք հայտնում Հայրենիքի սահմանի պաշտպանության ժամանակ զոհված մեր զինվորների ընտանիքներին` հայցելով Սուրբ Հոգու մխիթարությունը վշտաբեկ բոլոր հարազատներին ու մտերիմներին: Միասնական մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված վիրավոր զինծառայողների շուտափույթ ապաքինման, այլեւ հայրենի եզերքներում խաղաղ ու անվրդով կյանքի համար: Եվ թող Ս. Վարդանանց եւ Սարդարապատի մեր զորականների շունչն ու ոգին միշտ ուղեկից լինեն հաղթական Հայոց Բանակին` ի պաշտպանություն դարերի մաքառումով եւ բազում կյանքերի թանկ գնով ձեռք բերված անկախության ու խաղաղության եւ արցախահայության ազատ ապրելու իրավունքի»: