Մեկօրյա կրթօջախ Գառնի գյուղում

Փետրվարի 10-ին, Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ մեկօրյա կրթօջախի բացման արարողությունը: Դպրոցի նպատակն է երեխաներին ծանոթացնել Հայ Եկեղեցու պատմությանը, ծեսերին, եկեղեցական-ազգային տոներին եւ ավանդություններին` նրանց հոգիներում սերմանելով հավատն առ Աստված եւ անմնացորդ սեր Հայրենիքի հանդեպ:

Կրթօջախը գործելու է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքում եւ կրելու է Գեւորգ Բ Գառնեցի Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը: Արդեն իսկ շուրջ 120 աշակերտներ ցանկություն են հայտնել` ուսանելու կրթօջախում:

Բացման արարողությանը ներկա էին Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը, Գառնիի հոգեւոր հովիվ Տ. Վրթանես քահանա Բաղումյանը, գյուղապետ Ա. Վարդանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի աշխատակիցներ, բազմաթիվ մանկավարժներ եւ հյուրեր: