«Մեկ օր մեկ թեմում» քարոզչական-հովվական ծրագիրը
Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կմեկնարկի «Մեկ օր մեկ թեմում» քարոզչական-հովվական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Մայր Աթոռի միաբաններ և տարբեր թեմերում սպասավորող հոգևորականներ պարբերաբար մեկօրյա քարոզչական-հովվական առաքելություն կիրականացնեն հայաստանյան որևէ թեմում:
Հունիսի 8-ին այս օրերին Մայր Աթոռում անցկացվող միաբանական համագումարի առիթով տարբեր երկրներից ժամանած միաբաններ, ինչպես նաև մի շարք թեմերի եկեղեցականներ` ընդհանուր թվով շուրջ 130 հոգի կմեկնեն Արմավիրի թեմ:
Առավոտյան ժամը 9:30-ին ծրագրի մասնակից եկեղեցականները հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Արմավիրի Մրգաշատ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցում կկատարեն միասնական աղոթք, որից հետո խմբերով կմեկնեն թեմի տարբեր բնակավայրեր, կլինեն եկեղեցիներում, ուսումնական-կրթական հաստատություններում և հիվանդանոցներում, կայցելեն ազատամարտիկների, կարիքավորների և հաշմանդամների ընտանիքներ: