Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդը ստանձնում է առաջնորդական իր պաշտոնը

Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը կստանձի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդի պաշտոնը:

Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել 2009թ. դեկտեմբերին գումարված Բրիտանահայ Համայնքային եւ Եկեղեցական խորհրդի ժողովի ընթացքում: Առաջնորդի ընտրությունը հաստատվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ:

Վերջին տարիներին Հայր Վահանը ծառայում էր ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցում` իբրեւ հոգեւոր հովիվ:

***

Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը (ավազանի անունը` Սարգիս) ծնվել է 1963թ. Բաղդադում:

1988 թ. ձեռամբ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռնադրվել է սարկավագ եւ մեկնել է ԱՄՆ` ուսումը շարունակելու Նյու Յորքի Ս. Վլադիմիր աստվածաբանական ճեմարանում:

1990 թ. ձեռամբ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

1995 թ. պաշտպանելով վարդապետական ատենախոսությունը` ստացել է Մասնավոր վարդապետության առաջին չորս աստիճանները` ձեռամբ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի:

2006 թ. ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան` պաշտպանելով ատենախոսություն «Գ. Կորնթացիս թուղթը» թեմայով:

Այս տարիներին որպես հոգեւոր հովիվ ծառայել է Նյու Յորքի Ս. Խաչ եւ Նյու Ջերզիի Սրբոց Ղեւոնդյանց եւ Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցիներում: Որոշ շրջան եղել է Ս. Վարդան առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետը:

Ֆորդհեմ համալսարանից ստացել է Աստվածաշնչագիտության դոկտորի աստիճան: