Մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում
Հուլիսի 1-ին Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Հայրապետական Պատարագին ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու եվրոպական թեմերի առջնորդներ և հոգևորականներ, Ղպտի Եկեղեցու արքեպիսկոպոսը, ՀՀ դեսպան տիար Վիգեն Չիթեչյանը, Մարսելում ՀՀ հյուպատոս տիար Վարդան Սրմաքեշը, Բուշ դյու Ռոն նահանգի սենատոր Ժան Նոել Գերինին, նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ: Պատարագի ընթացին Հայոց Հայրապետը իր պատգամը փոխանցեց հավատացյալ հայորդիներին, ինչպես նաև եպիսկոպոսական պանակե շնորհեց Ֆրանսիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին՝ ի գնահատության Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդաստանում տարիների ծառայության և թեմի շինությանն ու առաջընթացին ի խնդիր բերած ջանքերի: Նորին Սրբությունը նաև Սրբոց Թարգմանչաց եկեղեցու 80-ամյակի առիթով եկեղեցուն նվիրեց Սուրբ Թարգմանիչ վարդապետների սրբապատկերը:
Սրբազան Պատարագի արարողությունից հետո եկեղեցու սրահում տեղի ունեցավ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու 80-ամյակի հանդիսությունների փակումը: Վեհափառ Հայրապետը վերստին իր բարձր գնահատանքը բերեց եկեղեցու վարչության նախագահ տիար Ալբեր Ազիլազյանին, վարչության անդամներին, հավատացյալ հայորդիներին՝ հորդորելով համայնքում աշխույժ պահել ազգային-եկեղեցական կյանքը, ամուր՝ հավատարմությունն ու սերը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և Մայր Հայրենիքը: