Մասնավոր վարդապետության տվչություն Օշականում
Մարտի 26-ին, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ մասնավոր վարդապետական աստիճանի տվչության արարողություն: Ձեռամբ Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի Մայր Աթոռի միաբան, փոխդիվանապետ Տ Մեսրոպ աբեղա Պարսամյանը, որ օրեր առաջ պաշտպանել էր իր վարդապետական թեզը «Լինել Աստված». մարդու աստվածացման եռաստիճան ճանապարհն ըստ Սուրբ Ներսես Շնորհալու վարդապետության» թեմայով, ստացավ մասնավոր վարդապետական չորս աստիճանները:
Եկեղեցու դավանանքի հրապարակավ խոստովանությանը հաջորդած Սուբգրային ընթերցվածներից ու աղոթքներից հետո Անուշավան Սրբազանը Հայր Սուրբին շնորհեց վարդապետական իշխանության գավազան: Արարողության ավարտին Հայր Սուրբին տվչության առիթով շնորհավորեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ապա անդրադարձավ վարդապետների կոչմանը եւ կարեւոր առաքելությանը ժողովրդի կյանքում: Բագրատ Սրբազանը նաեւ մաղթեց Հայր Սուրբին, որ ինչ էլ որ պատահի իր կյանքում, երբեք նրա մեջ չցամաքի ու չպակասի սերը, եւ շարունակի իր հոգեւոր սպասավորությունն իբրեւ վարդապետ եւ ուսուցիչ:
Նույն օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նորընծա վարդապետին բերելով իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները, նրան շնորհեց վարդապետական լանջախաչ:
Ապրիլի 1-ից Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը կանցնի իր նոր պարտականությունների կատարմանը: Ս.թ. մարտի 17-19-ը Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգեւոր խորհրդի որոշմամբ Հայր Մեսրոպը նշանակվեց Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ եւ Ժնեւի հայ համայնքի հոգեւոր հովիվ: Դեռեւս 1992 թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հաստատված Շվեյցարիայի հայոց թեմում նորանշանակ առաջնորդական տեղապահը ձեռնամուխ է լինելու թեմական կյանքի վերակազմակերպմանը: