Մասնավոր վարդապետության տվչություն Օշականում

Մասնավոր վարդապետության տվչություն Օշականում 21.04.2010

Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար

 

Ապրիլի 20-ին, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ մասնավոր վարդապետական աստիճանի տվչության արարողություն: Ձեռամբ Մայր Աթոռի կալվածոց տեսուչ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի Մայր Աթոռի միաբան Տ Հովնան աբեղա Հակոբյանը, որ օրեր առաջ պաշտպանել էր իր վարդապետական ատենախոսությունը, ստացավ մասնավոր վարդապետական չորս աստիճանները:

Սրբազան Հոր կոչով Հովնան աբեղան նախ կատարեց դավանանքի հրապարակավ խոստովանություն, ապա ընթերցեց նզովքը բոլոր հին ու նոր աղանդների ու հերձվածողների, որոնք աղավաղել եւ աղավաղում են Սուրբ Եկեղեցու ճշմարիտ դավանանքը, ապա Սուբգրային ընթերցվածներից, աղոթքներից եւ շարականներից հետո Սրբազան Հայրը նրան շնորհեց վարդապետական իշխանության գավազան` իբրեւ իմաստության խորհրդանիշ:

Տվչության արարողությանը մասնակցում էին Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մայր Աթոռի միաբաններ եւ հյուրեր:

Նույն օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տ. Հովնան վարդապետ Հակոբյանին: Շնորհավորելով նորընծա վարդապետին եւ բերելով հայրական իր օրհնությունը` Նորին Սրբությունը Հայր Հովնանին շնորհեց վարդապետական լանջախաչ: