Մասնավոր վարդապետության աստիճանի տվչություն Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում
Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ Վիրահայոց թեմի Ջավախքի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը, Տ. Նարեկ աբեղա Ավագյանը, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Տ. Տիրան աբեղա Պետրոսյանը և Արգենտինայի հայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանը ստացան մասնավոր վարդապետության չորս աստիճանները:
Դեռևս հոկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն, որի արդյունքում քննիչ հանձնախումբն արժանի էր նկատել Հոգեշնորհ Հայրերին ստանալու մասնավոր վարդապետության աստիճան: Մասնավոր վարդապետության աստիճանի տվչության արարողության ավարտին Միքայել Սրբազանը, շնորհավորելով նորընծա վարդապետներին, մասնավորապես նշեց, որ վարդապետելու և Աստծո խոսքը քարոզելու հանձնառությունն առաջին հերթին ոչ թե իրավունք է, այլ պատասխանատվություն Տիրոջ առջև: Ապա Միքայել եպիսկոպոսը հորդորեց եկեղեցականներին նախանձախնդրությամբ ստանձնել այդ պատասխանատվությունը` սնելու և հոգևոր արժեքներով դաստիարակելու հայ ժողովրդի հավատավոր զավակներին: