Մասնավոր աղոթք Սրբալույս Մյուռոնի կաթսայի առջեւ
Օգոստոս 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Տաճարում սկսվեց Սրբալույս Մյուռոնի պատրաստության քառասնօրյա շրջանը: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց մասնավոր արարողություն` հադիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Հոգեւորականների ուղեկցությամբ Վեհափառ Հայրապետը թափորով առաջնորդվեց Մայր Տաճար, ուր մաքուր ձիթայուղով լի Մյուռոնի կաթսայի առաջ Նորին Սրբության շուրթերից հնչեց առաջին աղոթքը եւ կարդացվեց Սուրբ Ավետարանը:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնության խոսքն ուղղեց ներկա հավատացյալներին:
Նորին Սրբությունը կոչ արեց բարեպաշտ ժողովրդին առ Աստված հարատեւ աղոթքներով, հոգեւորականների հետ միասնաբար, Սրբալույս Մյուռոնի պատրաստության այս 40 օրերի ընթացքում, առավել ջանասիրությամբ ու նախանձախնդրությամբ մասնակից դառնալ մեր եկեղեցական կյանքում նշանակալից այս իրադարձությանը, քանզի այդ Մյուռոնով պիտի օծվեն եւ սրբագործվեն մեր վանքերն ու տաճարները, մեր սրբություններն ու մեր անձերը: Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Սուրբ Հոգու շնորհներն առատորեն երկնքից բաշխվեն մեր ժողովրդի վրա, որպեսզի շենանան մեր Հայրենիքն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Այսուհետ, Հայ Եկեղեցու կանոնների համաձայն, 39 օրեր շարունակ երեկոյան ժամերգությունից հետո (ժամը 1800-ին), Մայր Տաճարում կատարվելու է հատուկ այս աղոթքը: