Մայր Տաճարում սկսվեցին քրիստոնեական դաստիարակության ժամերը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սկսվեցին այսուհետ յուրաքանչյուր չորեքշաբթի (ժամը 1800-1930-ին) անցկացվելիք քրիստոնեական դաստիարակության ժամերը, որոնք ներառում են հոգեւոր զրույցներ, Սուրբ Գրքի սերտողություններ, քրիստոնեականի եւ հոգեւոր երաժշտության ուսուցումներ:

Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ դասընթացների պատասխանատու է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը: Հոգեւոր դասընթացները վարելու են Մայր Աթոռի միաբանները:

Ապրիլի 9-ին` հավարտ երեկոյան ժամերգության, կատարվեց վերոհիշյալ նախաձեռնության անդրանիկ դասընթացը: Աղոթքով բացելով այն` Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը բարեպաշտ հավատացյալներին նախ համառոտ ներկայացրեց շարունակական այդ դասընթացի նպատակն ու բովանդակությունը, այնուհետեւ, իբրեւ եկեղեցագիտական հոգեւոր զրույցի առաջին թեմա, սկսեց բացատրել ու մեկնել Սուրբ Պատարագի խորհուրդը: Այնուհետեւ Մայր Աթոռի միաբան սարկավագները հավատացյալներին ուսուցանեցին շարականներ: Վերջում Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ վարդապետ Մաշալյանի կողմից անցկացվեց Սուրբ Գրքի սերտողություն: