Մայր Տաճարում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն Դամասկոսի Սրբոց Թարգմանչաց ճեմարանի անմեղ զոհերի համար
Նոյեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ս. Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհված հայ երեխաների համար:
Մինչ հոգեհանգիստը հավուր պատշաճի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը, ով սրտի մեծ ցավով ու կսկիծով անդրադարձավ մեկ շաբաթ առաջ Դամասկոսի Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանում տեղի ունեցած ողբերգությանը: Սրբազան Հայրը խստագույնս դատապարտեց նմանօրինակ անմարդկային գործողությունները` նշելով, որ երեխաների սպանությունը գերագույն ոճիրն է, քանի որ վերջիններս անկախ իրենց կրոնական պատկանելությունից, պիտի վայելեն ամենքի խնամքն ու պաշտպանությունը: