Մայր Տաճարում կատարվեց Հայրապետական մաղթանք
Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 14-րդ տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների և բազում ուխտավորների կատարվեց Հայրապետական մաղթանք:
Մաղթանքի հանդիսավոր արարողությունը կատարվեց Ս. Պատարագի ավարտից հետո Իջման Ս. Սեղանի առջև` հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի:
Մինչ մաղթանքը, պատարագիչ Սրբազան Հայրը` Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, շնորհավորական խոսք ասաց ազգընտիր Վեհափառ Հայրապետի գահակալության 14-ամյակի կապակցությամբ: «Այսօր, սիրելիներ, այստեղ ենք, որպեսզի ցնծությամբ և ուրախությամբ խնդրենք Աստծուն, որպեսզի Նա իր օրհնությունն անպակաս դարձնի հայ հավատացյալից և ընդհանրապես Հայ Եկեղեցին կազմող յուրաքանչյուր հայորդուց, և առավել ևս այստեղ ենք, որ աղոթք բարձրացնենք մեր Հայրապետության համար և մեր աղոթքներով խնդրենք, որպեսզի Աստված բազում քաջառողջ և երկար տարիներ պարգևի Ամենայն Հայոց Հայրապետին», - մասնավոր կերպով նշեց Մուշեղ Սրբազանն իր քարոզում:
Խոսքի վերջում Սրբազանը հայցեց Բարձրյալից` ուժ և եռանդ պարգևել Հայոց Եկեղեցու բոլոր սպասավորներին` գլխավորությամբ համայն հայության հոգևոր Հոր` Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի:
Այնուհետև, Հայրապետական մաղթանքի ընթացքում, ծնրադիր աղոթքներով, սաղմոսներով ու շարականներով եկեղեցականաց դասն ուխտավորների աղոթակցությամբ անսասանություն մաղթեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնին և արդյունաշատ գահակալություն` Հայոց Հովվապետին: