Մայր Տաճարի երգչախումբը Մոսկվայում կմասնակցի հոգեւոր երգի փառատոնին
Հունվարի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի երգչախումբը` գլխավորությամբ Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Տ. Հովնան վարդապետ Հակոբյանի եւ խմբավար Ռուբեն Շարբաթյանի, կմեկնի Մոսկվա` հրավերով Ռուս Ուղղափառ Եկեղեցու:
Երգչախումբը մասնակցելու է հունվարի 9-23-ը Մոսկվայի երաժշտության միջազգային տանը անցկացվող հոգեւոր երաժշտության Ս. Ծննդյան առաջին փառատոնին` կազմակերպված Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի օրհնությամբ:
Մայր Տաճարի երգչախումբը հայ հոգեւոր երգերի ու շարականների կատարումներով ելույթ կունենա հունվարի 14-ին: Փառատոնին մասնակցում են նաեւ խմբեր Մեծ Բրիտանիայից եւ Սերբիայից: