Մայր Աթոռում տեղի ունեցավ Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի նիստ

Մայր Աթոռում տեղի ունեցավ Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի նիստ

     Մայիսի 20-ին Մայր Աթոռում գումարվեց Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննության առնվեցին միջեկեղեցական, հասարակական և ներեկեղեցական տարաբնույթ հարցեր:
     Զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը` տեղեկացնելով 2013 թ. հուլիս ամսին Բուդապեշտում կայանալիք Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի 14-րդ և 2013 թ. նոյեմբեր ամսին Բուսանում կազմակերպվելիք Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովների գումարման մասին: Քննարկվեցին Հայ Եկեղեցու պատվիրակության կազմի, ժողովներում առաջադրված նյութերի վերաբերյալ հարցեր և հստակեցվեցին ընդհանուր մոտեցումներ:
     Խորհուրդը լսեց նաև Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի զեկույցը` մայիսի 16-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի և Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայի միջև ստորագրված համաձայնագրի վերաբերյալ: Խորհրդի անդամները ողջունեցին համաձայնագրի ստորագրումը` գոհունակություն հայտնելով Հայ Առաքելական Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջև խորացող համագործակցության առիթով:
     Խորհուրդն անդրադարձավ նաև օրեր առաջ` մայիսի 10-11-ին, Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած «Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների մոդելները. ժամանակակից միտումներ» միջազգային գիտաժողովին: Արձանագրվեց, որ գիտաժողովի կազմակերպիչների կողմից Մայր Աթոռին գիտաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ուղղվել և դատապարտելի համարվեց այս առնչությամբ կազմակերպիչների կողմից ապատեղեկատվության տարածումը: Խորհուրդը նաև ապակառուցողական համարեց, որ կազմակերպիչները գիտաժողովի գումարման աշխատանքներում չեն գործակցել Հայ Առաքելական Եկեղեցու հետ, երբ գիտաժողովում ընդգրկված էին նյութեր, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայ Եկեղեցուն: Աստվածաբանական խորհուրդն անընդունելի համարեց նաև գիտաժողովի ընթացքում հնչեցված միակողմանի գնահատումներն ու ոչ առարկայական տեսակետները, որոնք չեն կարող նպաստել երկրի հոգևոր-կրոնական կյանքում համերաշխ և գործակցային մթնոլորտի ձևավորմանը և լուրջ մարտահրավեր են դառնալու Հայաստանում` խղճի ազատության իրավունքի իրացման ճանապարհին: