Մայր Աթոռում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 140-ամյակին նվիրված հուշակոթողի բացումը
Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը: Գևորգյան հոգևոր ճեմարանի 140-ամյակին նվիրված հուշակոթողը կանգնեցվել է ազնիվ բարերարությամբ ռուսաստանաբնակ Հրաչյա Պողոսյանի:
Հուշակոթողի բացման կապակցությամբ խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: «Խորհրդավոր և խորհրդանշական օր է այսօր: Խորհրդավոր, որովհետև ասես հեռավոր դարերի խորքից մեզ են այցելել հայ դպրության նահապետները՝ Սուրբ Սահակն ու Սուրբ Մաշտոցը, որ այսուհետ և ընդմիշտ իրենց ամենատես հայացքի ներքո են պահելու Հայ հոգևոր և ազգային դպրության դարբնոցը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանը: Իսկ խորհրդանշական է պահն այս, որովհետև իրար են միահյուսվել պատմական, բերկրալի և ուրախական թվականներ, որ սակայն սոսկ թվանիշ չեն, այլ յուրաքանչյուրը մի բեկումնային պահ՝ հայ Ժողովրդի, Հայ Եկեղեցու, հայագիտության և հայկական մշակույթի զարգացման ընթացքում: Եվ բոլորովին պատահական չէ, որ գրերի գյուտից 1610 տարի անց՝ Ճեմարանի 140-ամյակին, նոյեմբեր ամսվա այս արևոտ օրը՝ այն նույն վայրում, ուր Սահակն ու Մաշտոցը հիմնեցին առաջին դպրոցը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ և ազգային բարերար տիար Հրաչյա Պողոսյանի նվիրատվությամբ կանգնեցնում ենք մեր դպրության հիմնադիր սրբերի հուշակոթողը: Կան թվականներ, որ ուղղակի դրոշմված են յուրաքանչյուր հայի հիշողության մեջ՝ 301, 404, 451, 551, 1441, 1874... Դրանք վերաբերում են պատմական տարբեր իրողությունների, որոնք, սակայն, հետապնդել են միասնական նպատակ՝ պահել, պահպանել, ստեղծել, արարել ու բարձրացնել ամենայն ինչ, որ ազգային է, հայկական և հանուն հայկականության», - նշեց Գևորգ Սրբազանը:
Այս առիթով իր սրտի խոսքն ասաց մեծարգո բարերարը` միաժամանակ շնորհավորելով նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տասնհինգերորդ տարեդարձը:
Այնուհետև նախագահությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի կատարվեց հուշակոթողի օրհնության կարգ:
Հուշակոթողի բացմանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, Ռուս Եկեղեցու ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի առաջնորդական փոխանորդ, Սոլնեչնոգորսկի եպիսկոպոս Սերգիի, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչական ու դասախոսական անձնակազմը, սաները և բազում ուխտավորներ: