Մայր Աթոռում սկսվեց «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով միջազգային խորհրդակցությունը
Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար դոկտ. Օլավ Թվեյթի իր աշխատանքն սկսեց «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդակցությունը: Այն գումարվել է հրավերով Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և հյուրընկալությամբ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու` ԵՀԽ-ում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի համանախագահության շրջանակներում:
Խորհրդակցությանը մասնակցում էին Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից և Եվրոպայի տարբեր երկրներից այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ: Խորհրդակցության բացմանը ներկա էին նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության, Գերմանիայի Դաշնության, Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանները, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և Միացյալ Ազգերի Կազմակերպության ներկայացուցիչները, ՀՀ դիվանագետներ, Հայաստանի սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ: Խորհրդակցությունն սկսվեց Տերունական աղոթքով, ապա բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը` հրավիրելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին` իր օրհնությունն ու պատգամը բերելու խորհրդակցության մասնակիցներին: Իր խոսքում Նորին Սրբությունը, դիմելով խորհրդակցության մասնակիցներին, ասաց. «Ջերմորեն ողջունում ենք ձեզ, որ արձագանքելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախաձեռնությանը, համախմբվել եք քննության առնելու Սիրիական ճգնաժամի առիթով Եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերները: Մեզ համար գոհունակություն է, որ այս հավաքը գումարվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Մեր գնահատանքն ենք բերում ձեզ՝ խորհրդաժողովին մասնակցելու ձեր նախանձախնդրության, ինչպես և՝ միջազգային այս հավաքը կազմակերպողներին՝ իրենց ջանքերի համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ որպես աշխարհասփյուռ հայության հոգևոր կենտրոն, իր սերն ու հոգածությունն է տարածում իր զավակների վրա, ովքեր օրինահարգ և ստեղծարար քաղաքացիներ որպես՝ ապրում են աշխարհի բազում երկրներում, նաև` դարեր ի վեր՝ Մերձավորարևելյան տարածաշրջանում:
Մերձավոր Արևելքի երկրները կարևոր դերակատարություն են ունեցել մեր պատմության մեջ, հատկապես` Սիրիան, որ անցյալ դարասկզբին Հայոց Ցեղասպանության դժվարին տարիներին իր դռները բացեց մեր զավակաց առջև և ողջունեց մեր ժողովրդի՝ խաղաղ կյանք կառուցելու ձգտումն ու ցանկությունը: Մեր ժողովուրդը երախտագետ է արաբ ժողովրդին և աղոթքով է հիշում իսլամ ու քրիստոնյա հավատքի բազմաթիվ անձանց , ովքեր նեղության պահին օգնեցին հայերին:
Մենք խորը ցավ ենք զգում ականատես լինելով Մերձավորարևելյան տարածաշրջանում շարունակվող ճգնաժամին: Պատերազմի չարիքը խլել է մեծաթիվ անմեղ մարդկային կյանքեր՝ անկախ տարիքից, սեռից ու կրոնական համոզումից: Այս իրականությունն ավելի ողբերգական է, երբ տեղի է ունենում 21-րդ դարի սկզբին, Քրիստոնեական երրորդ հազարամյակի արշալույսին, որին մարդկությունն սպասում էր, ակնկալելով, որ պիտի դառնա ազատության և արժանապատվության, ազգերի ինքնորոշման և մարդկային իրավունքների պաշտպանության ծաղկման և հանդուրժողականության դարաշրջան:
Սիրիական ճգնաժամը ցավալի հետևանքներ է ունենում տարածաշրջանի քրիստոնյաների կյանքում: Բոլորովին վերջերս սպանվեցին կաթոլիկ քահանաներ և միանձնուհիներ, բռնի կերպով կրոնափոխ արվեցին քրիստոնեա ընտանիքներ, Ասորի Ուղղափառ Եկեղեցու և Անտիոքի Պատրիարքության մեր երկու հոգևոր եղբայրները տևական ժամանակ գտնվում են գերության մեջ և նրանց ճակատագիրն առայժմ անհայտ է: Այս տարվա գարնանը Սիրիայի Քեսաբի շրջանը, որ մեծ մասամբ կառուցվել և բնակեցվել է հայերի կողմից, Թուրքիայի աջկացությամբ և նրա բանակի անմիջական մասնակցությամբ գրավվեց արմատական խմբավորումների ձեռքով, իսկ այնտեղ ապրող խաղաղ բնակիչները արտաքսվեցին: Ներկայիս շարունակվում է Թուրքիայի աջակցությունը սիրիական ընդդիմադիրներին, որոնց կողմից ավերվում են հայկական թաղամասերը Հալեպում և Դամասկոսում: Թուրքիո այս քայլերը մեր ժողովուրդը իրավացիորեն գնահատում է որպես Ցեղասպանության քաղաքականության շարունակություն:
Մենք զորակցում ենք հակամարտությունները խաղաղ կարգավորելու բոլոր ջանքերին՝ դատապարտելով ցանկացած բռնարարք, որ իրականացվում է հանուն հավատքի և Աստծու անունից: Մեզ համար խոր իմաստ ունի Հովհաննես առաքյալի այն խոսքը, թե սուտ է հավաստումը, որ §սիրում եմ Աստծուն¦, երբ սեր չունես քո եղբոր հանդեպ: §Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպես կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել: Եվ նրանից ունենք այս պատվիրանը՝ ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև իր եղբորը¦ (Ա Յովհ. 4. 20-21):
Եղբայրական սիրո և կրոնական հանդուրժողականության հիման վրա է, որ բոլորս միացած ենք ՝ իբրև Աստծու զավակներ: Ինչպես ռուս մեծ արձակագիր Տոլստոյն է գրել` վկայակոչելով լատինական հոգևոր երգի բառերը, §Որտեղ սերն է, այնտեղ էլ Աստված է¦: Տիրոջ ներկայության մեջ ապրվող սիրո զգացումով է, որ աշխարհում պիտի հաստատվի խաղաղությունը: Տիրոջ ներկայության մեջ ապրվող սիրո զգացումը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին կենսունակություն հաղորդող ուժն է: Մշտական աշխատանքները, որոնք տեղական և միջազգային մակարդակների վրա կրոնական, հասարակական ու քաղաքական կազմակերպություններն իրականացնում են ազգերի մեջ հանդուրժողականությունը, երկխոսությունը, արդարությունն ու խաղաղությունը զորացելու համար, մեծ օրհնություն է մեր աշխարհում: Այդ մեծ առաքելության ճանապարհին՝ այս խորհրդակցությունը ևս մեկ կարևոր ջանք է, որը, լիահույս ենք, Աստծո օրհնությամբ պիտի արդյունավորվի:
Մեր ժողովուրդը բազմադարյա իր պատմության ընթացքում ճաշակելով պատերազմների և տարագրության դառնությունը, գիտի խաղաղության արժեքը: Այսօր, երբ կանգնած ենք 1915 թ. Հայոց Ցեղասպանության հիշատակության հարյուրամյա տարելիցի նախաշեմին, կարող ենք հաստատել, որ չորս սերունդների հերթափոխը մոռացության չի մատնել մեր ժողովրդի կրած կորստի և տեղահանության ցավը: Այդ նույն ապրումներն ու զգացումները վերստին արձագանք գտան քսանհինգ տարի առաջ, երբ Ղարաբաղի հայերը հայտնվեցին իրենց հայրենի հողից արտաքսվելու վտանգի առջև: Մեր ժողովուրդը հաստատուն է հակամարտությունները խաղաղ ճանապարհով վճռելու դիրքորոշման մեջ: Այսօր Ղարաբաղում մեր ժողովուրդը ազատության ու անկախության համար պայքարում է դիվանագիտական ճանապարհով, նույնիսկ երբ դեռ չենք հանդիպել հակառակ կողմի նույն հանդուրժող ոգուն: Նույն համատեքստում ցանկանում ենք անդրադառնալ Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների մերժման փաստին: Արձանագրությունների՝ առանց նախապայմանների վավերացման դեպքում Հայաստանի և Թուրքիայի միջև պիտի հաստատվեին բնականոն հարաբերություններ՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղ զարգացումների: Խաղաղության ձգտումն ու համոզմունքը քրիստոնեական հավատքի ոգին է և բազմադարյա մեր ժառանգության արդյունք: Մենք ուրախ ենք, որ Սիրիայում ապրող քրիստոնյաների և պատերազմի դժվարությունները կրող բոլոր մարդկանց վիճակը կարեկցանքի և մարդասիրության դրսևորմամբ, խաղաղության հասնելու ձգտումով քննարկման առարկա է պետական և հասարակական տարբեր հարթակներում, այսօր նաև՝ այս սրահում:
Սիրելիներ, Մենք հանդիպում եք Աստվածաշնչյան Արարատ լեռան հովանու ներքո՝ մարդկային ցեղի փրկության և խաղաղության առաջին ապաստանում, և Մեր աղոթքն է, որ Աստված առաջնորդի ձեր քննարկումները և Իր Սուրբ Հոգու շնորհով զորացնի խաղաղության ուղիներն աշխարհում: Թող մեր Տիրոջ շնորհները լինեն ձեզ հետ և բոլորի, այսօր և միշտ. ամեն»:
Այնուհետև խորհրդակցության մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Իր խոսքում ՀՀ վարչապետը մասնավորապես նշեց. «Մենք բոլորս մեծ ցավ ենք ապրում, երբ ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում և, հատկապես, Սիրիայում տևական ժամանակ ընթացող ներքաղաքական ճգնաժամին, որը, վերածվելով քաղաքացիական պատերազմի, անմեղ զոհերի ու անդառնալի կորուստների պատճառ դարձավ: Սիրիական ճգնաժամը, որի ընթացքում առկա էին նաև կրոնական ծայրահեղականության դրսևորումներ, Քրիստոնեական Եկեղեցիների համար ևս ցավալի հետևանք ունեցավ, երբ փորձ էր արվում հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել: Ցանկացած նման փորձ դատապարտելի է, քանի որ մենք համոզված ենք, որ բոլոր կրոնները խաղաղություն են քարոզում:
Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում արյան մեծ գնով է վճարել խաղաղության և անկախության համար: Հայաստանի ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ` հիմնվելով միջազգայնորեն ընդունված սկզբունքների և նորմերի վրա՝ միևնույն ժամանակ հարգելով արցախահայության ազատ և անկախ ապրելու ինքնորոշման իրավունքը:
Մենք նաև մի ժողովուրդ ենք, որը 20-րդ դարասկզբին ենթարկվեց ցեղասպանության և զրկվեց իր պատմական հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից: Հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին կրկին վերապրեց այդ դառը ցավը, երբ այս տարի գարնանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, ծայրահեղական խմբավորումները գրավեցին Սիրիայի մեծավ մասամբ հայաբնակ Քեսաբ քաղաքը:
Վաղը դուք այցելելու եք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և աղոթելու եք բյուրավոր նահատակների համար, ովքեր 20-րդ դարասկզբին ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից: Ցեղասպանության թանգարանում ականատես կլինեք բազմաթիվ փաստերի, թե ինչպես Սիրիայի տարածքում մեծ թվով պետական այրեր, այդ թվում մահմեդական առաջնորդներ, դեմ կանգնեցին թուրքական կառավարության որոշմանը և պաշտպանեցին հայերին` նրանց ապաստան տրամադրելով Հալեպում, Դամասկոսում, Սիրիայի այլ քաղաքներում: Հայ ժողովուրդը դա երբեք չի մոռանա»: Իր խոսքում ՀՀ կառավարության ղեկավարը նաև հույս հայտնեց, որ խորհրդակցությունը կնպաստի Սիրիայում քաղաքական և միջկրոնական երկխոսության հաստատմանը:
Խորհրդակցության նպատակներին ու կարևորությանն անդրադարձավ նաև ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը` ներկաներին փոխանցելով իր մտածումները Սիրիայում տիրող կացության և խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
Ժողովականներին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի անունից ողջունեց Վաշինգտոնի Պատվո Արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Կարդինալ Թեոդոր Էդգար Մքքարիքը: Անտիոքի և Համայն Արևելքի Իգնատիուս Աֆրեմ Բ Պատրիարքի ուղերձը ներակներին փոխանցեց Արքեպիսկոպոս Դիոնիսիոս Ժան Կավաքը: Ողջույնի խոսքեր փոխանցվեցին նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու, Անտիոքի և Համայն Արևելքի Հույն Ուղղափառ Եկեղեցու, Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդի անունից:
Երկօրյա խորհրդակցության նիստերի ընթացքում կքննարկվեն հետևյալ նյութերը` «Քաղաքական զարգացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Արաբական Աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում և Սիրիայում և դրանց հեռանկարները»: