Մայր Աթոռում կմեկնարկի հայկական գրադարանների երրորդ միջազգային համաժողովը
2014 թ. հոկտեմբերի 6-7-ը ՀՀ Մշակույթի նախարարության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի ազգային գրադարանի աջակցությամբ տեղի կունենա «Անցյալի պահպանություն՝ հանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների երրորդ միջազգային համաժողովը, որը շարունակությունն է 2009 թ. օգոստոս ամսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի «Գրիգոր և Կլարա Զոհրապ» տեղեկատվության կենտրոնի կազմակերպած հայկական գրադարանների առաջին համագումարի և «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» և «Հայ գրատպության 500-ամյակի» հանդիսությունների շրջանակում 2012 թ. ՀՀ Մշակույթի նախարարության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի ազգային գրադարանի աջակցությամբ կազմակերպված հայկական գրադարանների երկրորդ միջազգային համաժողովի։
Համաժողովի ընթացքում կլինեն քննարկումներ երեք հիմնական թեմատիկ ուղղություններով.
- Գրքափոխանակության կազմակերպում հայագիտական հաստատությունների միջև,
- Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ,
- Հայկական տպագիր ժառանգության էլեկտրոնային շտեմարանների ստեղծում`
ա. Հայ հնատիպ գրքի համահավաք շտեմարանի ստեղծում,
բ. Հայ պարբերական մամուլի համահավաք շտեմարանի ստեղծում:
Համաժողովին անդրադարձ կկատարվի նաև հայկական գրադարաններում և հայագիտական կենտրոններում հայ հնատիպ գրքերի առկայությանը, եզակի հավաքածուների թվայնացման ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքներին, հավաքածուների էլեկտրոնային մատենագիտական նկարագրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, հայագիտական հավաքածուների տեսանելիությանը համացանցում, հազվագյուտ հավաքածուների պահպանման ու վերականգնման հարցերին։
Համաժողովը հոկտեմբերի 6-ին կանցկացվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում (բացումը` ժամը 9:15-ին)։