Մայր Աթոռում իր աշխատանքներն ավարտեց Թեմական ներկայացուցչական ժողովը

Մայր Աթոռում իր աշխատանքներն ավարտեց Թեմական ներկայացուցչական ժողովը 05.11.2009

Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Թեմական ներկայացուցչական ժողովն ավարտեց իր աշխատանքները:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից, աշխարհասփյուռ թեմերից ժամանած ներկայացուցիչները չորսօրյա ժողովի ընթացքում քննության առան եւ ընդունեցին Թեմական Կանոնադրության ուղենշային փաստաթուղթը:

Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունն իր գոհունակությունը եւ գնահատանքը հայտնեց կատարված նախանձախնդիր եւ քրտնաջան աշխատանքի համար` նշելով, որ ժողովականների կողմից պատասխանատվության բարձր գիտակցությամբ մշակված այս փաստաթուղթը, գործադրության դրվելով թեմերում, պիտի նպաստի Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի զորացմանը եւ Եկեղեցու առաքելության արդյունավետ իրագործմանը:

Ապա Վեհափառ Հայրապետը իր գնահատանքն ու օրհնությունը բերեց ժողովի ատենապետերին եւ դիվանին: Նորին Սրբությունը մաղթեց ամենքին Բարձրյալի զորակցությունն ու Նրա Սուրբ Աջի հովանին` Հայրենիքին, Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ աշխարհասփյուռ համայն հայ ժողովրդին:

Նիստը փակվեց Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով: