Մայր Աթոռում բացվեց «Կառլ և Էմմա Սողոյաններ» ձեռագիր մատյանների ցուցասրահը

Մայր Աթոռում բացվեց  «Կառլ և Էմմա Սողոյաններ» ձեռագիր մատյանների ցուցասրահը 30.09.2013
Մայր Աթոռում բացվեց «Կառլ և Էմմա Սողոյաններ» ձեռագիր մատյանների ցուցասրահը

     Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ալեք և Մարի Մանուկյան Գանձատանը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Կառլ և Էմմա Սողոյաններ» ձեռագիր մատյանների ցուցասրահի բացման արարողությունը:
Հայ Եկեղեցու բարերար տիկին Էմմա Սողոյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է ընծայաբերել քսաներկու ձեռագիր մատյան և հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը` ի հիշատակ իր հոգելույս ամուսին Կառլ Սողոյանի:
     Տերունական աղոթքից և շարականի երգեցողությունից հետո տիկին Սողոյանը կտրեց ցուցասրահի մուտքի ժապավենը, որից հետո Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ հյուրերը մուտք գործեցին նորաբաց ցուցասրահ:
     Այս առիթով ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Թանգարանների և արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: «Այսօր այս ձեռագրերը ցուցադրության են դրվում Սուրբ Էջմիածնում, որպեսզի ամեն ձեռագիր` որպես սրբություն և անբարբառ բարեխոս, շարունակի բարեխոսել այս ընտանիքի համար և մանավանդ Կառլ Սողոյանի հոգու հանգստության և տիկին Սողոյանի կենաց արևշատության համար», - իր խոսքում նշեց Տեր Ասողիկը` երախտագիտություն հայտնելով նաև Վեհափառ Հայրապետին` հայ հոգևոր մշակույթի աշխարհասփյուռ նշխարները խնամքով հավաքելու և Մայր Աթոռում մեկտեղելու համար:
Այնուհետև իր ջերմ ապրումներն ու զգացումները ներկաներին փոխանցեց նաև տիկին Էմմա Սողոյանը:
Արարողության ավարտին տիկին Էմմա Սողոյանին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Գոհունակություն ենք հայտնում, որ Տերը մեզ պարգևում է այսպիսի ազնվահոգի զավակներ, ովքեր իրենց կյանքի ընթացքում ջանասիրությամբ հավաքած մեր հոգևոր արժեքները պատրաստակամ ոգով և սիրով ընծայաբերում են ազգային հաստատություններին», - ասաց Հայոց Հայրապետը` ընդգծելով, որ այլևս իրականություն է դարձել բարերար հայորդու բաղձանքը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նվիրական հարկի ներքո ինչպես հայ, այնպես էլ օտար հանրությանը պատճաշորեն ներկայացվելու են տասնյակ տարիների ընթացքում նրա կողմից հավաքված ձեռագրերը:
     Վերստին իր գնահատանքը հայտնելով Սողոյան ընտանիքին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տիրոջ օրհնությունը, ողորմությունն ու առատ շնորհները հեղվեն ազգային մեր կյանքից ներս և հովանի լինեն մեր ժողովրդին` առաջնորդելով դեպի խաղաղ և բարօր կյանքի օրեր:
Նորաբաց սրահում բացի ընծայված ձեռագրամատյաններից ցուցադրվում են նաև որոշ բացառիկ փաստաթղթեր Մայր Աթոռի արխիվից, որոնց թվում են նաև Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Զավեն արքեպիսկոպոս Եղիայանի գաղտնի փաստաթղթերը` կապված Հայոց ցեղասպանության հետ, ինչպես նաև վերջինիս գրությունն ուղղված Տ.Տ. Գևորգ Ե. Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության հիշատակի օր հաստատելու վերաբերյալ: