Մայր Աթոռի միաբանությունը շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռի միաբանության հետ:
Հանդիպմանը Մայր Աթոռի ավագագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը միաբանության անունից օծման և գահակալության 15-րդ տարեդարձի առիթով շնորհավորեց Ս. Գրիգոր Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալին: Սրբազանն իր խոսքում անդրադարձ կատարեց այն բոլոր ձեռքբերումներին, որ արձանագրվել են եկեղեցական կյանքում Գարեգին Բ Հովվապետի գահակալության 15 տարիների ընթացքում: Ոսկան Սրբազանը կարևորությամբ ընդգծեց նաև Մայր Աթոռում կատարված հսկայածավալ բարեկարգչական աշխատանքները, որոնց շնորհիվ Սուրբ Էջմիածինը նորովի և ավելի բարեզարդված է ներկայանում այցելու ուխտավորներին, իսկ հոգևոր կյանքը Հայրենիքում և Սփյուռքում տարբեր նորահաստատ կառույցների գործունեության և ծրագրերի իրականացման արդյունքում զարթոնք է ապրում: Սրբազան Հայրը Նորին Սրբությանը մաղթեց խաղաղ և անվրդով հովվապետության երկար տարիներ` ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի մխիթարություն հավատավոր հայ ժողովրդի:
Այնուհետև Մայր Աթոռում համախմբված միաբաններին ողջունեց և հայրապետական իր օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը նախ իր մտորումները ներկայացրեց անցնող տասնհինգ տարիների իր հովվապետական ծառայության ընթացքի վերաբերյալ` երախտագիտություն հայտնելով Մայր Աթոռի միաբաններին, որ հավատացել, վստահել և զորակցել են Հայոց Հայրապետին` կյանքի կոչելու այն բոլոր ծրագրերը, որոնք իրագործվել են այս տարիների ընթացքում:
Ապա Վեհափառ Հայրապետը, նվիրյալ ծառայության համար իր գնահատանքը հայտնելով Մայր Աթոռի միաբանությանը, հորդորեց միասնական ջանքերով, քրիստոնեական սիրո ոգով առավել պայծառացնել Ս. Եկեղեցին և արդյունավորել Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում, հայորդիների հոգիներում զորացնել հավատքն ու աղոթքը: Խոսելով ժամանակի հրամայականների մասին` Գարեգին Բ Հայրապետն ընդգծեց, որ այսօր ժողովուրդն այլևս դեմքով դարձած է դեպի Եկեղեցին և պատրաստ է եկեղեցականին ընդունել իր հարկից ներս: «Վճռորոշ ժամանակ է Եկեղեցու համար: Թեև ունենք անբավարար թվով եկեղեցականներ, սակայն այդ պակասը կարող ենք լրացնել մեր ջանքերի բազմապատկումով: Այդպես կարող ենք արժանանալ մեր նախնյաց օրհնությանը», - նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` պատգամելով միաբաններին առաքելության ու կոչման բարձր գիտակցությամբ և նվիրումով շարունակել իրենց օրհնաբեր սպասավորությունը հայ ժողովրդին:
Ամենայն Հայոց Հայրապետն աղոթքով Երկնավորից հայցեց պայծառ պահել ու պահպանել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին, խաղաղ` Հայոց աշխարհը, և անսասան` հայոց պետականությունը:
Հանդիպումն ավարտվեց Հայրապետական մաղթերգով և «Պահպանիչ» աղոթքով: