Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն
Սեպտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:
Հայրենանվեր ու ազգօգուտ ծառայության, ինչպես նաև գիտական և առողջապահական ոլորտում ունեցած ձեռքբերումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանին, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ հանձնվեցին ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, սոցիալական և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանին և ՀՀ Առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ գլխաւոր ուռուցքաբան բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին:
Հանդիսությանը ներկա էին ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, մեծարյալների գործընկերներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ:
Արարողությունը բացվեց միասնական Տերունական աղոթքով, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը: Մեծարյալների կյանքին ու արժանաշատ վաստակին անդրադարձան ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, Աժ պատգամավոր Արտաշես Գեղամյանը և «Արաբկիր» մանկական հիմնադրամի տնօրեն Սպարտակ Ղազարյանը:
Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները:
Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ընթերցեց տիար Վիլեն Հակոբյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում մասնավորապես նշված է. «…Աստվածապարգև Ձեր կյանքը Դուք ապրում եք Հայրենի մեր երկրի հանդեպ որդիական սիրով` միշտ ձգտելով Ձեր կարողությունները ծառայեցնել հավատավոր մեր ժողովրդին: Երկար տարիներ Դուք ղեկավարեցիք Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը, հեղինակեցիք բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ ու աշխատություններ` գնահատարժան վաստակ բերելով ի նպաստ մեր երկրում առողջապահության բնագավառի զարգացման:
Այսօր առիթ ունենք առանձնակի գոհունակությամբ անդրադառնալու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ որդիական Ձեր անկեղծ սիրուն ու նվիրումին: Տարիներ շարունակ, որպես Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Դուք նախանձախնդիր ջանքեր եք բերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության առավել արդյունավորմանը, նույն անսպառ եռանդով Ձեր հարուստ փորձառությունը ծառայեցնում Մայր Աթոռի «Իզմիրլյան» հիվանդանոցի գործունեությանը` ի սպասավորություն մեր ժողովրդի զավակների: Մեզ համար ուրախություն է մշտապես ականատես լինել Ձեր Էջմիածնասիրությանը, որ արտահայտում եք Ձեր եկեղեցանվեր ընթացքով ու ստանձնած աստվածահաճո հանձնառություններով:
Երկարամյա մեր ծանոթության ընթացքին սրտի բերկրանոք բազմիցս առիթ ենք ունեցել տեսնելու Ձեր բարի ու անկեղծ ոգու անվերապահ նվիրումը և անսակարկ հավատարմությունը` հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և առ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը»:
Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը ներկայացրեց տիար Հայրապետ Գալստյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում նշված է. «Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ մեր երկրի կյանքում արժանավոր հայորդուդ աստվածահաճո վաստակին, որ Տիրոջ օրհնության ներքո արդյունազարդված է առատ ու բարի արգասիքներով:
Մեծարգո պրն. Գալստյան, Դուք` որպես փորձառու բժիշկ, բարի նպաստ եք բերում Հայաստանում առողջապահության բնագավառի զարգացմանը: Հատկապես գնահատարժան է Ձեր ավանդը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գործունեության մեջ: Ավելի քան կես դար տարբեր հանձնառություններով ծառայելով Կենտրոնում, ապա ստանձնելով նաև տնօրենի պաշտոնը, Դուք նվիրյալ ոգով և հոգատարությամբ Ձեր գիտելիքներն ու փորձառությունը ծառայեցնում եք ապաքինման կարոտ անձանց կազդուրմանն ու առողջության վերականգնմանն ի խնդիր: Գովարժան է նաև Ձեր գիտական ու կրթական գործունեությունը: Ձեր հեղինակած հարյուրավոր աշխատություններով ու մանկավարժական արդյունավոր ծառայությամբ Դուք նպաստել եք բժշկության ոլորտում նոր առաջընթացի ամրագրմանը»:
Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ընթերցեց տիար Արա Բաբլոյանին շնորհված Հայրապետական կոնդակը, որում ասված է. «…Ավելի քան չորս տասնամյակ մանկական բժշկի վեհ և շնորհակալ կոչումով Դուք տքնաջան աշխատանքով ձեռք բերած Ձեր գիտելիքները, հարուստ փորձառությունը անսակարկ նվիրումով ծառայեցնում եք երեխաների առողջության պահպանման ու վերականգնման աստվածահաճո գործին: Դուք մեծ նպաստ եք բերել մեր երկրում մանկաբուժության զարգացմանը, որին ծառայում է նաև Ձեր կողմից հիմնված «Արաբկիր» բժշկական կենտրոնը` Հայաստանում լավագույնս ճանաչված բուժհաստատություններից մեկը: Ձեր անունն այսօր քաջածանոթ է մեր ժողովրդին և երախտագիտությամբ է հիշվում շատերի շուրթերին, ում զավակները Ձեր հոգատար և շնորհալի ձեռքերով վերագտել են իրենց առողջությունը: Դուք գովարժան ավանդ եք բերել առողջապահական բնագավառի զարգացմանը նաև վարչական պաշտոններում ստանձնած հանձնառություններով` տարիներ շարունակ ղեկավարելով ՀՀ Առողջապահության նախարարությունը, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնը և օրենսդրական գործունեություն ծավալելով ՀՀ Ազգային ժողովում: Արդյունաշատ է նաև Ձեր գիտական վաստակը, որը շարունակում եք մեծ նվիրումով և նախանձախնդրութեամբ:
Մեծարգո պրն. Բաբլոյան, գոհունակ սրտով ենք անդրադառնում նաև մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակիդ աջակցությանը Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին: Որպես տնօրենների խորհրդի անդամ` Դուք հիմնադրման օրից ի վեր Ձեր նպաստն եք բերում հաստատության կայացմանն ու արդյունավոր գործունեությանը»:
Կոնդակների ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» և «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններով զարդարեց մեծանուն գործիչների կուրծքը` ի գնահատություն առողջապահության ոլորտում և հասարակական կյանքում նրանց բերած մեծ ավանդի:
Պարգևաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաև շնորհընկալները` բարձր գնահատանքի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին և հավաստիացնելով, որ պետք է շարունակեն իրենց կարողություններն ի սպաս դնել ժողովրդի բարօրությանը:
Այնուհետև երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի պատանի երաժիշտ-կատարողները:
Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: «Մեր հոգին այս պահին ուրախությամբ է լցված, որ առիթն ունենք այսպիսի նվիրյալ հայորդիների արժանացնել մեր Եկեղեցու բարձր գնահատանքին և մեր երախտագիտությունը հայտնել` ազգին, հայրենիքին և մեր ժողովրդին մատուցած ծառայության համար: Բոլորդ քաջ գիտեք նրանց կյանքի անցած ուղին. նրանք քանքարաթաքույց չեն եղել: Ինչ շնորհներ, որ մեր Երկնավոր Տիրոջից նրանք ստացել են, ամբողջն իրենց կյանքի ընթացքում նախանձախնդրությամբ ու սիրով ծառայեցրել են մեր ժողովրդի բարօրությանը, մեր հայրենիքի շենացմանը, մեր երկրի կյանքի առաջընթացին», - նշեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն ընդգծեց, որ մեծարյալներն իրենց մասնագիտական կարողություններով նաև զորակցել են Եկեղեցու առաքելությանը, երբ անկախության պայմաններում վերջինս հանձնառու եղավ ծառայություն մատուցել մեր ժողովրդին առողջապահության ոլորտից ներս, և նեցուկ ու օգնական են եղել Հայոց Հայրապետին, որպեսզի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնն աճի, զորանա և իր գործունեությամբ համբավ ձեռք բերի առողջապահության ոլորտում:
Վերստին բերելով իր օրհնությունը նվիրյալ հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց շարունակել նույն նվիրումով իրենց օգտակարությունը բերել ժողովրդին և պանծացնել երկրի բարի համբավն իրենց մասնագիտական կարողություններով ու վաստակով: