Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ համահայկական 6-րդ խաղերի ջահի օրհնության արարողությունը
Հուլիսի 27-ին եկեղեցականների թափորը Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Տրդատակամարի մոտից շարժվեց դեպի Բաց Խորան:
Այնուհետև Մայր Տաճարի երգչախմբի կողմից կատարվեց ՀՀ պետական օրհներգը, որից հետո օրվա առիթով բացման խոսք ասաց Մայր Աթոռի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Վարդան Սրբազանը, ողջունելով ներկաներին համայն հայության հոգևոր կենտրոնում, նշեց, որ օրը շատ խորհրդանշական է, քանի որ Հայոց Ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարում Սփյուռքից, Արցախից և Արևմտյան Հայաստանից Համահայկան 6-րդ խաղերի ջահերն ուխտագնացությամբ բերվեցին` իմաստավորվելու համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վառվող ջահի միջոցով: Սրբազանը նաև հավ
ելեց, որ Նորին Սրբության կողմից օրհնվելիք ջահերը միության և հաղթանակի խորհրդանիշերը:
Ապա մարզական մեկնաբան, հաղորդավար Սլավա Սարգսյանն անդրադարձավ միջոցառման նպատակին և համահայկական խաղերի պատմությանը` արարողության վայր հրավիրելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության աթոռանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Աղթամարի Սուրբ Խաչ եկե
ղեցիներում վառված ջահերը տեղափոխող մարզիկներին:
Համահայկական 6-րդ խաղերի ջահակիրներն էին Բարսելոնի 1992 թվականի 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, Բարսելոնի 1992 թվականի 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը և 2015 թվականի 28-րդ Համաշխարհային ունիվերսիադայի (ուսանողական) խաղերի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:
Դրանից հետո հաղորդավարն ամբիոնի մոտ հրավիրեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին: Վերջինս ընդգծեց Համահայկական խաղերի անցկացման կարևորությունը` ներկայացնելով նշանաբանը «Միասնություն սպորտի միջոցով»:
Իշխան Զաքարյանի ելույթից հետո Սլավա Սարգսյանը Բաց Խորանի հարթակի մոտ հրավիրեց համահայկական ջահի ջահակիր մարզիկ, 1988 թվականի Սեուլի 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանին: Երեք ջահակիրները իրենց ջահերն իրար միացրեցին, և Օգսեն Միրզոյանը վառեց համահայկական ջահը:
Հավարտ ջահը վառելու արարողության, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, միասնական Տերունական աղոթքով սկսվեց համահայկական ջահի օրհնության կարգը:
Վերջում ներկաներին իր հայրապետական պատգամը փոխանցեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը. «Ուրախ ենք այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` աստվածակառույց այս սրբավայրում, մեկտեղված տեսնել աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչներիդ, որ Հայաստան եք եկել ձեր մասնակցությունը
բերելու Համահայկական խաղերին: Հայրական սիրով ողջունում ենք ձեզ մեր ժողովրդի հոգևոր նվիրական կենտրոնում և բերում Մեր օրհնությունն ամենքիդ: Սրտի գոհունակությամբ ենք նկատում, որ արդեն ավանդական դարձած Համահայկական խաղերը տարեցտարի ընդլայնում են իրենց սահմաններն ու մասնակիցների թիվը:
Մեզ բոլորիս համար մեծ խորհուրդ ունի, որ այսօր Անթիլիասից, Շուշիից և Աղթամարից բերված ջահերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում միավորվում և բոցավառվում են մեկ ջահի մեջ: Ամեն հայ, որտեղ էլ ապրի, մկրտության դրոշմի հետ հոգում կրում է Սուրբ Էջմիածնի և Արարատի պատկերը` որպես իր հայ ինքնության անբաժանելի մաս և խորհրդանիշ մեր ժողովրդի միության ու միասնականության: Այսօր դուք Սուրբ Էջմիածնում եք, նայում եք Արարատին, և Մենք տարակույս չունենք, որ ձեր հոգում ջերմանում է որդիական սերը մեր Եկեղեցու և մեր հայրենիքի հանդեպ: Տարակույս չունենք, որ Համահայկական խաղերը շարունակելու են ամրապնդել մեր ժողովրդի զավակների միասնականությունը` զորավոր այն ուժը, որի միջոցով պիտի կարողանանք հաղթահարել ազգային և հայրենական մեր կյանքում առկա խնդիրներն ու մարտահրավերները:
Հանդիսավոր այս օրը Համահայկական խաղերի բացումն սկսվում է լույսի փոխանցմամբ: Լույսը մաքրության ու սրբության խորհրդանիշն է: Այնտեղ, որտեղ լույս կա, խավարն ընկրկում է, չարիքը պարտվում, և մեղքը հալածվում: Ավետարանի խոսքի համաձայն «լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չի նվաճում» (հմմտ. Հովհ. 1.5):
Դիմելով մարզիկներին Նորին Սրբությունը հավելեց. «Սիրելի՛ մարզիկներ, դուք ամենքդ բարձր առաքելություն ունեք՝ լինել ուժեղ ոչ միայն մարմնով, այլ նաև հոգով, լինել լույսի, արդարության ու ճշմարտության ջահակիրներ, սիրո և համերաշխության պաշտպաններ: Թո՛ղ որ ձեր հոգևոր լույսը միշտ պայծառ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսով: Համահայկական խաղերի այս ջահը թո՛ղ զորացնի ձեր միասնությունը: Մարզական այս տոնախմբությունը լավագույն առիթներից է երիտասարդներիդ մտերմության և ընկերական կապերի ստեղծման համար»:
Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն ու օրհնությունն բերեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպիչներին և բոլոր նրանց, ում ջանքերով հնարավոր դարձավ այս խաղերի իրականացումը՝ հայցելով Ամենազոր Տիրոջից բյուր օրհնություն և նորանոր հաջողություններ ազգանպաստ այս նախաձեռնությանը: Վեհափառ Հայրապետը նաև իր օրհնությունը փոխանցեց բոլոր մարզիկներին՝ մաղթելով նրանց ուժ ու կարողություն, մարզական նորանոր նվաճումներ ու հաղթանակներ:
Այս առիթով Նորին Սրբությունը նաև բարի երթ մաղթեց համահայկական ամառային 6-րդ խաղերին` վստահություն հայտնելով, որ դրանցում բոլորն են հաղթելու, և այդ հաղթանակը հայ ժողովրդի միասնականության ամրապնդման մեջ է լինելու:
Արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի մշակույթի, կրթության, մարզական բնագավառի ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբանությունը և ուխտավոր հայորդիներ: