Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը
Ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ս. Տրդատի բաց խորանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:
Սրբադասման արարողությանը ներկա էր հայոց պետական ավագանին` գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի: Արարողությանը ներկա էին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, աշխարհասփյուռ թեմերի պատվիրակներ, բարերար հայորդիներ, հասարակական, մշակութային գործիչներ, դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի և սրբադասման արարողության առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հոգևոր պետեր ու պատվիրակություններ, միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության անցկացման հովանավորությունն ստանձնել էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը:
Արարողությունն սկսվեց հայրապետական հանդիսավոր խաչվառազարդ թափորով, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Մայր Տաճարից տասներկու եպիսկոպոսների ուղեկցությամբ «Խորհուրդ խորին» շարականի երգեցողության ներքո առաջնորդվեցին Ս. Տրդատի բաց խորան:
Հայրապետական ամպհովանին կրում էին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, Շարժայի բանկի ընդհանուր տնօրեն Վարուժան Ներգիզյանը, Լիբանանի խորհրդարանի նախկին անդամ և նախարար Շահե Բարսումյանը և Չինաստանի հայ համայնքի նախագահ Հենրի Արսլանյանը:
Թափորի մեջ տարվում էին համաքրիստոնեական սրբություններ և մեծանուն սրբերի 14 մասունքներ` Ս. Գեղարդը, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, Կենաց Փայտով խաչ-մասունքարանը, Սկևռայի մասանց պահարանի կրկնօրինակը, Ս. Ստեփանոս Նախասարկավագի մասունքով Աջը, Ս. Հռիփսիմե կույսի մասունքով Աջը, Ս. Անանիա առաքյալի մասունքով Աջը, Ս. Սահակ Պարթև Հայրապետի մասունքով Աջը, Ս. Սարգիս Զորավարի մասունքով Աջը, Ս. Գևորգ Զորավարի մասունքով Աջը, Ս. Թադեոս և Ս. Սանդուխտ կույսի մասունքներով խաչ-մասունքարանը, Ս. Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ-մասունքարանը, Ս. Գրիգոր Նարեկացու և այլ սրբոց մասունքներով մասունքարանը և Զեյթունի Ավետարանը: Բոլոր այս սրբոց մասունքների հետ թափորի մեջ եկեղեցականները կրում էին նաև Հայոց Ցեղասպանության նահատակների մասունքները պարունակող երկու մասունքարանները:
Բաց Խորանի մոտ երգչախումբը «Հրաշափառ» շարականով ազդարարեց թափորի մուտքը, ապա միասնական Տերունական աղոթքով սկսվեց սրբադասման բուն արարողությունը:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանն ընթերցեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների վկայաբանությունը: Այնուհետև «Ուրախ լեր» շարականի երգեցողությանը հաջորդեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից Եպիսկոպոսաց ժողովի հռչակագրի ընթերցումը, որում ասվում է.
«ՀՌՉԱԿՈՒՄՆ
ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ, ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ ՅԸՆԹԱՑՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ ՎԱՍՆ ՀԱՒԱՏՈՅ ԵՒ ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ.
Մենք՝ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց և Արամ Ա Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո,
Սուրբ Երրորդության շնորհաբաշխ զորությամբ, Տեր Հիսուս Քրիստոսից տրված և Հայաստանյայց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալներից փոխանցված իշխանությամբ, Սուրբ Աստվածամոր, Հայոց երկրորդ Լուսավորիչ Սուրբ Գրիգորի և ամենայն սրբոց բարեխոսությամբ, Եպիսկոպոսաց Ժողովի որոշմամբ և մեր ժողովրդի քրիստոնեական կյանքի վկայությամբ՝
ՍՐԲԱԴԱՍՈՒՄ ԵՆՔ
Հայոց Ցեղասպանության նահատակներին և
ՀՌՉԱԿՈՒՄ ԵՆՔ
Ապրիլ 24-ը «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»:
Եվ արդ, Սուրբ Նահատակներ, անմոռաց հիշմամբ,
Օրհնաձայն հայցմամբ աղաչում ենք ձեզ,
Ընդունեք մեր աղոթքները և բարեխոսեցեք մեզ համար,
Որպեսզի և մենք անդադար ձայնով և աներկյուղ սիրով
Փառք վերառաքենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն,
Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն»:
Սրբադասման հռչակումից անմիջապես հետո «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ժամանակ Մայր Աթոռի «Էօռնեկյան» դպրոցի աշակերտների կողմից երկինք բաց թողնվեցին աղավնիներ:
Այնուհետև Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Գերաշնորհ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանի կողմից սուրբգրային ընթերցումներից հետո տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբապատկերների քողազերծումը և օրհնությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն աղոթքից հետո Սրբալույս Մյուռոնով օծեցին երկու սրբապատկերները: Սրբոց մասունքների և սրբապատկերների խնկարկումից հետո խորանին գտնվող եկեղեցականները համբուրեցին նորաօծ սրբապատկերները:
Ապա երգչախումբը հանդիսավոր կերպով կատարեց Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված «Հրաշացան պակուցմամբ» շարականը, որի հեղինակն է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության լուսահոգի միաբան Գերաշնորհ Տ. Զարեհ արքեպիսկոպոս Ազնավուրյանը:
Արարողությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի` Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության հայցով:
Այս պատմական առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը իրենց հայրապետական պատգամը հղեցին աշխարհասփյուռ հայությանը:
Հավարտ արարողության` ժամը 19:15-ին, ազդարարվեց լռության րոպե, որին հաջորդեցին Մայր Տաճարի 100 գուժկան զանգերը, ապա տոնական ղողանջը` ի պանծացումն Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՍՐԲԱԴԱՍՄԱՆ
ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ
«Իսկ եթէ նախատիցի՛ք ևս
վասն անուանն Քրիստոսի,
երանելի՛ էք, զի …Աստուծոյ Հոգին
ի վերայ ձեր հանգուցեալ է»
(Ա Պետ. Դ 14)։
Սիրելի բարեպաշտ հավատացյալ եղբայրներ և քույրեր,
Աստվածաշնչյան Արարատի հայացքի ներքո, Քրիստոսակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այս նվիրական սրբավայրում այսօր միասնական աղոթքով փառք ենք վերառաքում Ամենազոր Աստծուն իր բոլոր պարգևների համար: Փառաբանում ենք Երկնավորին, որ զորություն տվեց մեր ազգին՝ իր դարավոր պատմության փորձությունները հաղթահարելու, Հայոց Ցեղասպանության արհավիրքներից վեր հառնելու, իր նոր կյանքի հաղթանակներն ու ձեռքբերումները կերտելու: Օրհնաբանում ենք Տիրոջը, որ վասն հավատո և վասն հայրենյաց նահատակված Ցեղասպանության վկաներին թագադրում է սրբության պսակով ու նրանց բարեխոսությամբ հեղում մեր կյանքին Իր անսպառ ողորմությունները:
Հայոց Ցեղասպանության դժնդակ տարիներին մեր ժողովրդի միլիոնավոր զավակներ ծրագրված կերպով տեղահանվեցին և ջարդի ենթարկվեցին, անցան հրի ու սրի միջով, ճաշակեցին տանջանքների ու վշտի դառը պտուղները, սակայն սոսկալի նեղությունների մեջ, մահվան հանդիման մնացին Քրիստոսի սիրով զորացյալ՝ բերելով վկայությունը անսասան հավատքի՝ համաձայն առաքելավանդ խոսքի. «Իսկ եթէ նախատուէք էլ Քրիստոսի անուան համար, երանելի էք, քանի որ…Աստծու Հոգին հանգչում է ձեզ վրայ»:
Քրիստոսին նահատակությամբ վկայելը ընդելուզված է մեր ժողովրդի կյանքին: Սրբության, առաքինության, անձնվիրումի հոգևոր սխրանքի բազում վկայություններ են արձանագրված նաև Հայոց Ցեղասպանության ողբերգական տարեգրության մեջ: Քրիստոնեական հավատքի համար հալածվող հայորդին աղոթքով է անցել նահատակության ճանապարհը, իսկ նրան անդուլ դաժանությամբ հալածողը կարծել է, թե իսպառ արմատախիլ է անում Քրիստոսի հանդեպ սերը հայի կյանքից: Հիսուս Քրիստոսի համար նահատակ հայորդու արյունը անխախտ հավատքի ու ազգասիրության դրոշմն է դրել անապատի ավազներին, մինչդեռ եղեռնագործը կարծել է, թե հայը անհետ կորչում է պատմության հողմերում: Քրիստոսանվիրումի և հայրենյաց սիրո նույն այդ ոգով մեր ժողովուրդը հոգևոր և ազգային իր կյանքն է վերակերտել աշխարհի բոլոր կողմերում, վերածնունդ ապրել Արևելյան Հայաստանում՝ մոխիրներից հառնած իր պետության հովանու ներքո: Վերելքի իր ուղին մեր ժողովուրդը կերտել է զոհողություններով, մաքառումով, մարդկային խղճի ու իրավունքի առջև իր արդար դատը բարձրաձայնելու ջանքերով՝ միշտ աղոթքով հիշելով բյուրավոր վկաներին Հայոց Ցեղասպանության:
Նահատակության պատմությունը պարզ փաստերի ու դեպքերի շարադրանք չէ միայն, այն մեր առջև պարզվող հավատքի Ճշմարտությունն է, որի հանդիման անզոր են հալածանքն ու ոճրագործությունները, քաղաքական խարդավանքն ու դավադրությունները: Նահատակությունը մարդկային կյանքը և պատմությունը կապում է ավելի զորավոր, երկնային մի իրողության հետ, որն անդրանցնում է ժամանակը և ծավալվում դեպի հավերժություն` ըստ տերունական խոստման. «Մի երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարուես. …եղիր հաւատարիմ մինչև մահ, և Ես քեզ կեանքի պսակը պիտի տամ» (Յայտն. Բ 10): Քրիստոսին վկայած մեր նահատակները մեր հոգու հայացքը երկրային իրողություններից բարձրացնում են դեպի երկնային կյանք, հոգևոր զվարթություն պարգևելով նրանց բարեխոսությունը հայցողներիս և քաջալերելով Տիրոջն ապավինելու, փորձությունների հանդիման չերկնչելու և տերունաշնորհ կյանքն ապրելու հավատքի, հույսի և սիրո գործերով: Ցեղասպանության նահատակներն այսօր երկնքի արքայության լուսեղեն օթևաններում մարտիրոսության պսակով զարդարված՝ արդարության, մարդասիրության, խաղաղության հովանավոր սրբեր են, որոնց բարեխոսությունը երկնքից Աստծո ողորմության և շնորհների աղբյուրն է բացում այնտեղ, ուր տկարանում է արդարությունը, խախտվում են խաղաղության անդորրն ու ապահովությունը, ուր ոտնահարվում են մարդկանց և ժողովուրդների իրավունքները, սպառնալիքներ են հառնում ընդդեմ հասարակությունների բարօր կեցության, մոլեգնում են հալածանքներ հավատքի և ինքնության դեմ:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մենք ամենքս այսօր ականատեսն ենք մեր պատմության հոգևոր վերափոխման, որին մասնակից ենք թե՛ հավաքաբար, և թե՛ անհատաբար: Ցեղասպանության նահատակների սրբադասումը կենդանարար նոր շունչ, շնորհ և օրհնություն է բերում եկեղեցական և ազգային մեր կյանքում: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի հոգևոր նոր վերածննդի պսակն ենք հյուսում` Հայոց Ցեղասպանության նահատակներին սրբադասելով: Մեր սուրբ նահատակների հիշատակն այլևս ոչ թե զոհի ու ննջեցյալի հոգեհանգստյան աղոթք է, այլ՝ հաղթանակած ու նահատակության արյամբ սրբագործված անմարմին զինվորների հաղթական օրհներգություն: Այսօր մեր սուրբ նահատակների հավատքի և հայրենյաց սիրո ջերմեռանդ ոգին տարածվում է Դեր Զորից մինչև Սուրբ Էջմիածին և Ծիծեռնակաբերդ, նորանկախ Հայաստանից մինչև աշխարհասփյուռ հայ կյանքի վերածնված անդաստաններ՝ զորացնելով ապրելու անխախտ հավատքով, մեր կյանքի վերազարթոնքի պայծառ տեսիլքով և մեր արդար դատի պաշտպանության աներկբա կամքով:
Այսօր աշխարհի բոլոր կողմերում մեր ժողովրդի աղոթքները միահյուսված են աղոթքներին սրբազան այս արարողության, որին իրենց մասնակցությունն են բերում Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Առաջին Տիկնոջ հետ, Մեր հոգևոր եղբայր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ի Քրիստոս Մեր սիրեցյալ եղբայրները՝ հոգևոր Պետեր և ներկայացուցիչներ քույր Եկեղեցիների, Հայ Կաթողիկե և Ավետարանական Եկեղեցիների բարձրապատիվ ներկայացուցիչները, հայոց և բարեկամ երկրների պետական այրեր, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ցեղասպանության մեր սուրբ նահատակների բարեխոսության անդրանիկ հայցով այսօր Մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված,
որ Իր օրհնության ներքո անխռով պահպանի մեր ժողովրդին և համայն մարդկությանը,
որ հագենա արդարության ծարավի հոգին մեր ժողովրդի,
որ աստվածային ողորմությամբ արդարության և Ճշմարտության շողերը փայլատակեն աշխարհում և ցրեն մարդկության կյանքն ալեկոծող ոճիրների և եղեռնագործությունների խավարը, և եղբայրության ու համերաշխության մեջ մարդկությունը կերտի իր բարօր ու երջանիկ կյանքը:
Թող սուրբ նահատակների բարեխոսությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը լինեն ձեզ հետ և ամենքի՝ այսօր և միշտ. ամէն: