Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը
Ապրիլի 30-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախաձեռնությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի ու Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում անցկացվեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը:
2015-2016 ուսումնական տարում օլիմպիադայի տարածաշրջանային և մարզային փուլերը հաղթահարելուց հետո հանրապետական փուլ ներկայացան ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների 115 աշակերտներ:
Օլիմպիադայի մասնակից աշակերտները նույն օրը Մայր Աթոռի միաբան սարկավագների ուղեկցությամբ եղան Մայր Տաճարում և այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:
Արդյունքների հրապարակումից և գրավորների պարզաբանումից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում աշակերտներին հանձնվեցին դիպլոմներ ու գովասանագրեր: