Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցույթը
Սեպտեմբերի 18-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, անցկացվեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) համագործակցությամբ իրականացվող «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը:
«Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների մրցույթի հանրապետական փուլին Երևանից և ՀՀ բոլոր մարզերից մասնակցեցին 134 ուսուցիչներ:
Մրցույթի նպատակն է նպաստել հայոց ազգային դպրոցում սերունդներին կրթելու, դաստիարակելու գործում մանկավարժի դերի բարձրացմանը` բացահայտելով առարկայական խորը պատրաստվածություն ցուցաբերած, տաղանդաշատ, ստեղծագործական աշխատանք կատարող ուսուցիչներին ու տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական փորձը, ինչպես նաև հասարակության մեջ խթանել ուսուցիչ-մանկավարժի հեղինակության բարձրացմանը:
Մրցույթի ավարտին ուսուցիչները հնարավորություն ունեցան նաև ՔԴԿ աշխատակիցների առաջնորդությամբ այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ:
Առաջիկայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկայանա նաև «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխությունը: