Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հանդիպում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հանդիպում 23.04.2015
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հանդիպում

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Հովվապետերի` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբություն Թավադրոս Բ-ի, Ասորի Ուղղափառ Եկեղեցու և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Եփրեմ Բ-ի և Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու պետ և Մալանկարայի Մետրոպոլիտ Նորին Սրբություն Բասելիոս Մար Թոմա Պաուլոս Բ-ի հանդիպումը:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուրախություն հայտնեց Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների հոգևոր պետերի այս հանդիպման կապակցությամբ` ընդգծելով, որ 1965 թ. Ադիս Աբեբայի հանդիպումից հետո նման հնարավորություն չի ընձեռվել: Նորին Սրբությունը նաև իր շնորհակալական խոսքն ուղղեց վերջիններիս Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով Հայաստան ժամանելու առիթով:

Իր հերթին Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ողջունելով Քույր Եկեղեցիների առաջնորդներին, ներկայացրեց սրբադասման արարողության կարևոր նշանակությունը:

Հանդիպման ընթացքում հովվապետերը քննարկեցին Արևելյան Ուղղափառ Քույր Եկեղեցիների ընտանիքին հուզող խնդիրները, անդրադարձ կատարեցին մասնավորապես Եկեղեցիների հավատացյալների առջև ծառացած մարտահրավերներին: Կարևոր նկատվեց, որ վերականգնվի Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի պարբերական հանդիպումների ավանդությունը, ինչը կարևոր խթան կլինի համագործակցության զորացման համար:

Ղպտի, Ասորի և Մալանկարա Եկեղեցիների առաջնորդները ևս գոհունակություն հայտնեցին Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը ներկա գտնվելու կապակցությամբ և իրենց հերթին վերահաստատեցին Քույր Եկեղեցիների հովվապետերի հանդիպումների կարևորությունը: