Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սրբոց Վարդանանց տոնը
Փետրվարի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մեծ հանդիսավորությամբ նշվեց Սրբոց Վարդանանց զորավարաց տոնը: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռի միաբանությունը, ճեմարանականները և բազում ուխտավորներ:
Արարողության ավարտին իր քարոզում պատարագիչ Սրբազանը հանգամանորեն անդրադարձավ սուրբ Վարդանանց նահատակության խորհրդին: ՙԱվարայրի ճակատամարտից հետո անցել են դարեր, սակայն Վարդանանց ոգին կենդանի է մեր մեջ, հաղորդակից է մեր գոյությանը, մեր կյանքին: Այն զուտ պատմական փաստ չէ, որով պարծենում ենք, այլ շարունակվող իրադարձություն: Մարդկության պատմությանը հայտնի են իրադարձություններ, որոնք հեղաշրջող նշանակություն են ունենում ազգերի կյանքում, հարստացնում են նրանց ինքնությունը և անմահացնում անունը: Այս ձեռքբերումներով են ազգերը ներկայանում աշխարհին, դրանք են գաղափար տալիս մարդկությանը նրանց կարողության, դավանած արժեքների և նպատակների մասին: Վարդանանց հերոսամարտը այսպիսի մի կերտող նշանակություն է ունեցել մեր ազգային ինքնության համար` խոհի ու մաքառման նոր հուներ բացելով պատմության անդաստանում: Վարդանանցով պատմության մի նոր շրջան է սկսվում հայոց կյանքում, որը բնորոշվում է սեփական ինքնության հանդեպ հավատարմության հաստատումով, ազատության համար պայքարի գիտակցության արթնացմամբ՚, - նշեց Գևորգ Սրբազանը: ՙ451 թ. Ավարայրի ճակատամարտը հավաստեց հայ ժողովրդի կապվածությունը քրիստոնեական հավատի արժեքներին, զորացրեց մեր ազգային ինքնության զգացումը, առնականացրեց մեր դիմագիծը: Բայց Վարդանանց շարժումն ավելին է, քան հաճախ մեկնաբանվում է: Իրականում այն ազգային շահերի անհամեմատաբար ավելի մեծ շրջանակ էր ընդգրկում, ավելի կարևոր նպատակներ էր հետապնդում, ավելի խորքային հիմնախնդիրներ լուծում: Դրա լավագույն վկայություններն են այդ ոգու հետագա դրսևորումները, այն գործուն ազդեցությունները, որոնք հետևողականորեն խթանեցին ազատ և ստեղծագործ կյանքով ապրելու ձգտումը հայ ժողովրդի գիտակցության մեջ, օժտեցին նրան նպատակասլաց կամքով: Նրա պատմական ազդեցությունն այնքան բազմաշերտ է, որ յուրաքանչյուր դարաշրջան կարողացել է յուրովի օգտվել այդ փորձառությունից: Սա վկայում է այն մասին, որ Վարդանանց շարժումը չի կարող կապվել պատմական որոշակի շրջանի հետ, այն գերպատմական իրադարձություն է, որը մշտապես ուղեկցում է մեզ, մեր լինելության արմատին են կապված նրա ընձյուղները: Վարդանանց հանճարը մեզ սովորեցրեց հավատալ դարերով փայփայած համազգային մեր երազին, դարձնել այն նպատակ, ապրել և պայքարել հանուն դրա՚, - ընդգծեց Սրբազանն իր քարոզում:
Սրբազան Հայրը Մայր Աթոռի միաբանության անունից նաև շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվանակոչության տոնի առիթով, որը նշվում է Ս. Վարդանանց զորավարաց հիշատակի օրը:
Քարոզի ավարտին, Վեհափառ Հայրապետի անվանակոչության տոնի առիթով, Իջման Ս. Սեղանի առջև նախագահությամբ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կատարվեց Հայրապետական մաղթանք: Մայր Աթոռի միաբաններն ու բարեպաշտ ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կյանքի արևշատության, խաղաղ ու բեղուն հայրապետության համար: