Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց վարչական նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը
Դեկտեմբերի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների, կատարվեց Մայր Աթոռի վարչական նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը:
Նոր կառույցը նախագծվել է Մայր Աթոռի ճարտարապետա-շինարարական բաժնի կողմից: Մասնաշենքը, որտեղ տեղակայվելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը, ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամը եւ ԷԿԼՕՖ հիմնադրամը, կառուցվում է Մայր Աթոռի, Կլոր սեղանի եւ ԷԿԼՕՖ-ի միջոցներով:
Հանդիսավոր արարողության ընթացքում, շարականների եւ սաղմոսների երգեցողության ներքո, ԷԿԼՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը օրհնեցին կառուցվող շենքի հիմքերը:
Արարողության ընթացքում ներկաներին դիմեց Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյանը, վստահություն հայտնելով, որ նոր պայմանները լավագույնս պիտի նպաստեն միջեկեղեցական երեք կառույցների գործունեության առավել արդյունավետ իրականացմանը:
Ապա Հովակիմ Սրբազանն ընթերցեց նոր կառույցի հիմնարկեքի առիթով հրապարակված Հայրապետական օրհնության գիրը, որում մասնավորաբար ասվում է. «Հայրապետական մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամին եւ ԷԿԼՕՖ հիմնադրամին, որոնք ընդառաջ մեր հրավերին քրիստոնեական սիրով զորավիգ եղան կառուցելու այս շինությունը, որի բարեկարգ հարկի ներքո պիտի կազմակերպվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջեկեղեցական կարեւոր առաքելությունը»:
Վերջում Կլոր սեղան եւ ԷԿԼՕՖ հիմնադրամների գործադիր տնօրեններ Կարեն Նազարյանը եւ Տիգրան Հովհաննիսյանը մասնաշենքի կառուցման արձանագրությունը զետեղեցին շենքի հիմքերում: