Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց հոգեհանգստյան արարողություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց հոգեհանգստյան արարողություն


     Դեկտեմբերի 20-ին Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
     Պատարագիչն էր Մայր Աթոռի Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
     Իր քարոզում Հայր Զաքարիան անդրադարձավ քրիստոնյայի կյանքում աղոթքի կարևորությանը և նշանակությանը:
«Աղոթքը քրիստոնյայի կյանքում ամենասրբազան պահն է, երբ ի խորոց սրտի զրուցում ենք Աստծու հետ` հայցելով Նրա անբավ ողորմությունն ու օգնականությունը մեզ համար: Այսօր առավել քան երբևէ կարիքն ունենք միասնական աղոթքի հատկապես մեր հայրենիքի անսասանության և հայոց բանակի բոլոր մարտիկների խաղաղ և ապահով ծառայության համար, քանզի կրկին անհանգիստ են հայոց աշխարհի սահմանները: Ցավոք, ունենք նաև զոհեր մեր խիզախ և նվիրյալ մարտիկների շարքերում, ովքեր ընկան մարտի դաշտում հանուն հայրենիքի և մեր վաղվա օրվա:
Ուստի, խնդրանքս է, որ ձեր աղոթքներում անպայման հիշեք և աղոթեք նրանց հոգիների հանգստության համար` Տիրոջից հայցելով բազկի զորություն, ուժ և կորով հայոց բանակի ամեն զինվորի և հրամանատարի համար», - նշեց Զաքարիա վարդապետը:
     Հավարտ Պատարագի սրբազան արարողության, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգիստ վերջին շրջանում զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար: