Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Սրբալույս Մյուռոնի ծաղկանց նյութերի օրհնությունը եւ սկսվեց Մյուռոնի եփումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Սրբալույս Մյուռոնի ծաղկանց նյութերի օրհնությունը եւ սկսվեց Մյուռոնի եփումը 17.09.2008

Տեսանյութ
Լուսանկարների պատկերասրահ

Սեպտեմբերի 14-ին` Խաչվերացի տոնի երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ անդաստանի արարողություն, որին հաջորդեց Սրբալույս Մյուռոնի ծաղկանց նյութերի օրհնությունը:

Հոգեւորականների հանդիսավոր թափորը` Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ եւ բազմաթիվ հավատացյալների ուղեկցությամբ, դուրս գալով Մայր Տաճարից, պտտվեց նրա շուրջը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, վարդաջուր ցողվեց հավատացյալ հայորդիների վրա` իբրեւ նշան օրհնության:

Այնուհետեւ թափորն ուղղվեց դեպի Հին Վեհարանի բակը, որտեղ կատարվելու էր Սբ. Մյուռոնի ծաղկանց նյութերի օրհնությունը եւ սկսվելու էր եփումը:

Ընթեցվածքներից եւ աղոթքներից հետո, հոգեզմայլ շարականների

երգեցողության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կատարվեց Մյուռոնի բաղադրիչ նյութերի օրհնությունը, որից հետո դրանք միախառնվեցին կաթսայի մեջ ու սկսվեց եռօրյա եփումը:

Արարողության ավարտին ներկաներին իր Հայրապետական պատգամն ուղղեց Վեհափառ Հայրապետը` կոչ անելով ամենքին հարատեւ աղոթելու եւ հայցելու, որ Տերը Սուրբ Հոգու շնորհները հեղի Սրբալույս Մյուռոնի մեջ եւ հրաշագործ զորությամբ օժտի այն, որպեսզի այդ յուղի դրոշմումով հայորդիները մաքրվեն բոլոր տեսակի մեղքերից, եւ սրբությունը լինի զարդը նրանց անձերի:

Մյուռոնի նյութերի եփման ողջ ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները սաղմոսերգությամբ անդադար հսկելու են կաթսայի մոտ: