Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Մյուռոնօրհնության կազմակերպման հանձնաժողովի նիստ

Սեպտեմբերի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Մյուռոնօրհնության կազմակերպման հանձնախմբի նիստ:

Ժողովի ընթացքում Մյուռոնօրհնության եւ հարակից միջոցառումների կազմակերպման աշխատանքներին անդրադարձավ հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ենթահանձնախմբերի ծրագրերն ու գործունեությունը ներկայացրեց հանձնախմբի աշխատանքների համակարգող Տ. Առեն աբեղա Ճեպեճյանը: ժողովականները, ի դեմս Հայաստանում Հունաստանի դեսպանության, գնահատանք հայտնեցին Հունաստանի Հանրապետության իշխանություններին` Մյուռոնի համար անհրաժեշտ ձիթայուղի ապահովման ու Հայաստան փոխադրման համար:

Մյուռոնօրհնության նախընթաց օրերին` սեպտեմբերի 26-ին տեղի կունենան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Շողակաթ» հեռուստաընկերության նոր շենքի բացման եւ Մայր Աթոռի մկրտարանի` նորակառույց Ս. Վարդան եկեղեցու եւ Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռի օծման արարողությունները: Սեպտեմբերի 27-ին քույր Եկեղեցիների ներկայացուցիչները, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդները Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ կայցելեն Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր, նույն օրը երեկոյան Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի կունենա էկումենիկ արարողություն: Սեպտեմբեր 28-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ եւ ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնությունը:

Մյուռոնօրհնեքի առիթով հրատարակության են պատրաստվել մի շարք գրքեր Հայ Եկեղեցու, Սուրբ Մյուռոնի խորհրդի եւ պատրաստության, Մյուռոնօրհնության, արարողության ընթացքին գործածվող սրբությունների մասին: Պատմական այս իրադարձության առիթով կթողարկվի նաեւ հուշամեդալ:

Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մյուռոնօրհնության վերաբերյալ տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքին լրագրողների հարցերին պատասխանեցին Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիկոպոս Խաչատրյանը: Խոսելով Սրբալույս Մյուռոնի խորհրդի մասին` Հովնան Սրբազանը նշեց. «Սրբալույս Մյուռոնն աստվածայինը խորհրդանշող հոգեւոր ուժ է պարունակում իր մեջ: Սրբալույս Մյուռոնի օծումով քրիստոնյան իր մեջ զգում է աստվածայինի առատացումը, որը եւ մարդուն առաջնորդում է դեպի բարի եւ դեպի բարոյականով հարուստ կյանք: Հայի համար Սրբալույս Մյուռոնն իր մեջ բովանդակում է Եկեղեցու առաքելականության ոգին, մեր հայրերի հավատքի ձայնը եւ ամենից կարեւորը` հոգեւոր վերածնունդը դարձնում մշտական մղումը մեր էության, որը պտղաբերումն է Սուրբ Հոգու ներազդեցության»:

Սեպտեմբերի 14-ին, Խաչվերացի տոնին, երեկոյան ժամերգության ավարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կսկսվի Սրբալույս Մյուռոնի ծաղկանց նյութերի եռօրյա եփումը սաղմոսների եւ շարականների երգեցողության ներքո, որին կմասնակցեն բազում բարեպաշտ ուխտավոր հայորդիներ: