Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով
Մարտի 6-7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Ողջունելով Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներին` Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ժողովականներին` հաջողություն մաղթելով ժողովի աշխատանքներին: Այնուհետեւ Վեհափառ Հայրապետի կողմից կատարվեցին ծանուցումներ նախորդ ժողովի ընթացքին կայացված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ:
Մինչ օրակարգին անցնելը Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամները մտահոգությամբ անդրադարձան Հայաստանում ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքում ստեղծված ներքաղաքական իրավիճակին: Կարեւորելով Հայրենիքում խաղաղության ու կայունության վերականգնումը, մարդկանց հոգիներում սիրո հաստատումը` Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հանձնարարեց թեմակալ առաջնորդներին եւ նրանց միջոցով հոգեւոր հովիվներին առավել զորացնել սիրո քարոզչությունը եկեղեցիներում` կոչելով ժողովրդին հանդարտության եւ համերաշխության:
Ժողովականները Նորին Սրբության գլխավորությամբ նաեւ աղոթեցին երկրի խաղաղության, ինչպես նաեւ մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով զոհվածների հոգիների հանգստության համար:
Երկօրյա նիստերն ատենապետելու հրավիրվեցին Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը եւ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբյանը:
Օրակարգի համաձայն ժողովականներին ներկայացվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2007 թվականի գործունեության տարեկան զեկույցը եւ ֆինանսական հաշվետվությունը: Գերագույն Հոգեւոր խորհուրդը գոհունակությամբ ընդունեց զեկույցները:
2008թ. սեպտեմբերի 28-ին կատարվելիք Մյուռոնօրհնության արարողության նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը: Որոշվեց ստեղծել մյուռոնօրհնության կազմակերպման հատուկ հանձնախումբ` հանձնախմբի ատենապետ նշանակելով ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին:
Այնուհետեւ Համահայկական երիտասարդական եկեղեցասիրաց կազմակերպության կառույցի ձեւավորման ուղղությամբ կատարված աշխատանքները ներկայացրեց Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Տեղեկացվեց, որ 2008թ. հուլիսի 9-14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Համահայկական երիտասարդական եկեղեցասիրաց կազմակերպության առաջին պատգամավորական ժողովը, ապա կկազմակերպվեն ուխտագնացություններ Հայաստանի տարբեր թեմեր: Ժողովականները գնահատանքով ընդունեցին կատարված աշխատանքների մասին ծանուցումները` մեծապես կարեւորելով երիտասարդության հետ տարվող Եկեղեցու աշխատանքը եւ նրանց գործուն ներգրավվածությունը եկեղեցական կյանքում:
Գերագույն Հոգեւոր խորհուրդը քննության առավ նաեւ թեմական կանոնադրության ուղենիշային փաստաթղթի նախագծին եւ դրա վերաբերյալ թեմերից ստացված առաջարկություններին առնչված հարցեր:
Օրակարգում ընդգրկված էին նաեւ ներեկեղեցական, միջեկեղեցական կյանքին առնչվող հարցեր:
Ժողովը փակվեց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքով եւ «Պահպանիչ» աղոթքով: