Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով
Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով: Ժողովը գումարվեց ընդլայնված կազմով, որին մասնակցում էին Գերագույն Հոգեւոր Խորհրդի հոգեւորական եւ աշխարհական անդամներն ինչպես Հայաստանից, այնպես եւ արտերկրից:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Ողջունելով Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներին` Հայոց Հայրապետն անդրադարձավ օրակարգում առկա խնդիրներին եւ հաջողություն մաղթեց առաջիկա աշխատանքներում:
Որպես ատենապետեր` նիստերը վարեցին Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը եւ Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը:
Ժողովին Գերագույն Հոգեւոր խորհուրդը քննության առավ եկեղեցի-պետություն հարաբերությունների օրենսդրական դաշտի կարգավորման ուղղությամբ տարված աշխատանքների ընթացքը, որի քննարկմանը հրավիրված էր մասնակցելու ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:
Օրակարգում քննարկվեցին Մայր Աթոռի սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերի համակարգման, համայանքային-ծխական կանոնադրության նախագծի խմբագրման, ինչպես նաեւ քրիստոնեական դաստիարակության եւ ներեկեղեցական կյանքի վերակազմակերպման հետ առնչվող հարցեր:
Ժողովն անդրադարձավ նաեւ Հայաստանում գործող աղանդավորական կազմակերպությունների մարդորսական գործունեությանը եւ կարեւորությամբ նշեց հայաստանյան թեմերում եւ հեռավոր շրջաններում մեր ժողովրդի հոգեւոր կյանքն անաղարտ պահելու եւ հոգեւոր քարոզչությունն առավել արդյունավետ իրականացնելու անհրաժեշտությունը:
Ժողովի աշխատանքները կշարունակվեն նաեւ վաղը` նոյեմբերի 4-ին: