Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով

Հուլիսի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Ողջունելով ժողովականներին` Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց ներկաներին` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն բերած իրենց նախանձախնդիր ծառայության համար: Վեհափառ Հայրապետն իր խոսքում ցավ հայտնեց Մայր Աթոռի երիցագույն միաբան հանգուցյալ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի կորստի համար եւ հրավիրեց ժողովականներին` աղոթելու Սրբազան Հոր հոգու հանգստության համար: Մինչ օրակարգին անցնելը ԳՀԽ անդամներին ներկայացվեց նախորդ ժողովի արձանագրությունը, ապա ժողովը սկսեց օրակարգի հարցերի քննարկումները:

Եպիսկոպոսաց առաջիկա ժողովի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց ԱՄՆ հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Քննարկումներից հետո որոշվեց եպիսկոպոսաց ժողով գումարել հաջորդ տարի` քննության առնելու Հայ Եկեղեցու հոգեւոր, ծիսական, կանոնական եւ վարչական մի շարք կարեւոր խնդիրներ:

ԳՀԽ-ն անդրադարձավ նաեւ այս տարվա հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրվող թեմական ներկայացուցչական ժողովի օրակարգին: Որոշվեց թեմական ներկայացուցչական ժողովի հաստատմանը ներկայացնել ԳՀԽ նախորդ նիստում հաստատված Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմական եւ ծխական կանոնադրությունները:

Ժողովն անդրադարձավ նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր քարոզչական գործունեությանը եւ որոշեց հիմնել քարոզչական կենտրոն` Հայ Եկեղեցու քարոզչական առաքելությունն առավել արդյունավետ իրականացնելու համար:

Վեհափառ Հայրապետը ԳՀԽ անդամներին ներկայացրեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ հանդիպման մանրամասները` գոհունակությամբ անդրադառնալով երկու եկեղեցիների միջեւ առկա եղբայրական եւ ջերմ հարաբերություններին: Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ այսուհետ եւս պիտի շարունակվի աստվածաբանական երկխոսությունը Հայ Առաքելական Եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջեւ, ինչպես նաեւ տեղեկացրեց, որ Կիրիլ Ա Պատրիարքի միջնորդությամբ շարունակվելու են մոսկովյան եռակողմ հանդիպումները` Հայ Առաքելական, Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եւ Ադրբեջանի մուսուլմանների առաջնորդի միջեւ` ի խնդիր ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի:

Ժողովի ընթացքում քննարկվեցին նաեւ Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակություններին առնչվող կանոնական, կազմակերպչական, ինչպես նաեւ ներեկեղեցական խնդիրներ:

Ժողովը փակվեց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքով եւ «Պահպանիչ» աղոթքով: