Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով

Օգոստոսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Ողջունելով ժողովականներին` Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց ներկաներին` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն բերած իրենց նախանձախնդիր ծառայության համար: Մինչ օրակարգին անցնելը ԳՀԽ անդամներին ներկայացվեց տեղեկատվություն նախորդիվ կայացված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ:

Ժողովի օրակարգում ընդգրկված էին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումներին եւ սեպտեմբերի 28-ին կատարվելիք Մյուռոնօրհնության արարողությանը, ինչպես նաեւ ներեկեղեցական, միջեկեղեցական կյանքին առնչվող հարցեր:

Վազգեն Ա Հայրապետի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Տեղեկացվեց, որ սեպտեմբերի 20-ին Մայր Աթոռում կմատուցվի Սուրբ Պատարագ եւ կկատարվի հոգեհանգստյան արարողություն: Հոբելյանի առիթով կազմակերպվելու են գիտաժողովներ, հոբելյանական երեկո Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, լուսանկարչական եւ արխիվային նյութերի ցուցահանդեսներ, հանրակրթական դպրոցներում անցկացվելու են բաց դասեր, թեմերում` միջոցառումներ` նվիրված երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետին: Այս առիթով թողարկվելու է հոբելյանական հուշադրամ, լույս է ընծայվելու Հայրապետի երկերի լիակատար ժողովածու: Մեկ հանրակրթական դպրոց Երեւանում կանվանակոչվի Վազգեն Ա Հայրապետի անվամբ: Հոկտեմբեր ամսին կանցկացվի նաեւ հոգեւոր երաժշտության փառատոն:

Այնուհետեւ ժողովականներին ներկայացվեցին սեպտեմբերի 28-ի Մյուռոնօրհնության նախապատրաստական աշխատանքները եւ հարակից միջոցառումների ժամանակացույցը: Տեղեկացվեց նաեւ, որ արարողություններին կմասնակցեն մի շարք քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ:

Մյուռոնօրհնության նախընթաց օրերին` սեպտեմբերի 26-ին տեղի կունենան Մայր Աթոռի մկրտարանի` Ս. Վարդան եկեղեցու եւ Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռի օծման եւ «Շողակաթ» հեռուստաընկերության նոր շենքի բացման արարողությունները, ինչպես նաեւ տոնական համերգ` Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում: Սեպտեմբերի 27-ին Ամենայն Հայոց Հայրապետը քույր Եկեղեցիների ներկայացուցիչների, թեմակալ առաջնորդների եւ ուխտավորների հետ կայցելի Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր, նույն օրը երեկոյան Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի կունենա էկումենիկ աղոթք: Սեպտեմբեր 28-ին կմատուցվի Սուրբ Պատարագ եւ կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը: Սեպտեմբեր 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսվում է «Անուշ» օպերայի բեմադրություն` աշխարհահռչակ կանադահայ երգչուհի Ալին Գութանի մասնակցությամբ:

Ժողովականները գնահատանքով ընդունեցին կատարված աշխատանքների մասին ծանուցումները` մեծապես կարեւորելով Վազգեն Վեհափառի ծննդյան 100-ամյակի նշանակալի հոբելյանի նշումը եւ Մյուռոնօրհնության սրբազան արարողության հանդիսավորությամբ կազմակերպումը:

Ժողովի ընթացքին Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ ունեցավ նաեւ Մայր Աթոռի միաբան Տ. Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի` հոգեւոր ծառայությունը թողնելու դիմումին: Քննարկումների արդյունքում որոշվեց ընթացք տալ նրա դիմումին, որով Հայրապետական տնօրինությամբ Ասողիկ սրբազանը կարգալույծ է հռչակվում եւ դասվում աշխարհականների շարքը` Սմբատ Արիստակեսյան ավազանի անունով:

Ժողովը փակվեց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքով եւ «Պահպանիչ» աղոթքով: