Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվել է ԵՀԽ «Հավատք եւ կարգ» հանձնախմբի գործադիր վարչության ժողովը
Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար
Հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքն սկսեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք եւ կարգ» հանձնախմբի գործադիր վարչության հնգօրյա ժողովը, որը Սուրբ Էջմիածնում է գումարվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով: Ժողովին մասնակցում են Քրիստոնեական տարբեր Եկեղեցիների 31 անդամներ: Հանձնախմբում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում են Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Տ. Շահե աբեղա Անանյանը:
Ժողովի ընթացքում առանձին աշխատանքային խմբերով քննության կառնվեն «Եկեղեցու առաքելությունը եւ բնույթը», «Եկեղեցական իշխանության աղբյուրները» եւ «Եկեղեցիների բարոյական խնդիրները» հարցերը:
«Հավատք եւ կարգ» հանձնախմբի առաջնային նպատակն է. «հռչակել Քրիստոսի Ս. Եկեղեցին միավորված եւ կոչ անել Եկեղեցիներին տեսանելի միության»: Այս նպատակին հասնելու գլխավոր միջոցը ուսուցողական ծրագրերն են, որոնց ընթացքում քննարկվում են Եկեղեցիները բաժանող աստվածաբանական հարցերը:
Ամբողջ աշխարհում կազմակերպվող հանդիպումների շնորհիվ «Հավատք եւ կարգ» հանձնախմբի անդամները հանդիպում են հրավիրված եկեղեցիների անդամներին` երկխոսության գործընթացը շարունակելու եւ տեքստեր եւ փաստաթղթեր կազմելու համար:
Չունենալով որեւէ իշխանություն ոչ մի Եկեղեցու վրա` այդ փաստաթղթերը կարեւոր են եւ օգտակար, քանի որ ստեղծվում են Քրիստոնեական տարբեր ավանդույթներ ներկայացնող մարդկանց կողմից: Տեքստերի մեծ մասը ուսումնասիրության եւ մեկնության նպատակով ուղարկվում են Եկեղեցիներին: