Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց կազմակերպության անդրանիկ պատգամավորական ժողովը
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս. «Թափանցե'ք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, մեր Եկեղեցու եւ մեր Հայրենիքի խորհուրդի մեջ: Ճանաչե'ք խորհուրդը մեր հարատեւության եւ հավատարմորեն փարված մնացե'ք այս սրբազան խորհրդին»
Հուլիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ բարձր նախագահությամբ տեղի ունեցավ Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց կազմակերպության (ՀՀԵԵԿ) անդրանիկ պատգամավորական ժողովի բացման արարողությունը: Ժողովին մասնակցում էին Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ 34 թեմերից եւ հովվություններից ժամանած շուրջ հարյուր համայնքների 130 երիտասարդ ներկայացուցիչներ:
Երիտասարդները Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորեցին Հայրապետական մաղթերգով, ապա ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Աղոթքից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀԵԵԿ Կենտրոնական խորհրդի ատենապետ Կարեն Պետրոսյանը: Ելույթներ ունեցան նաեւ Հայաստանի, Ռուսաստանի, Ավստրալիայի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի ու եվրոպական մի շարք երկրների թեմերի, ինչպես նաեւ Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության երիտասարդները: Նրանք համոզմունք հայտնեցին, որ նորաստեղծ ՀՀԵԵԿ-ն պետք է կարեւոր խթան հանդիսանա աշխարհասփյուռ հայ երիտասարդներին Հայաստանյայց Եկեղեցու շուրջ համախմբելու համար եւ գրավականը դառնա ազգային ինքնության պահպանության:
Այնուհետեւ ելույթ ունեցավ ժողովի կազմակերպական աշխատանքները համակարգող եւ ղեկավարող ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ով իր խոսքում ընդգծեց, որ Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց Կազմակերպության ծնունդը մեր ժամանակի հրամայականն է, որի տեսիլքն ունեցավ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը` կոչ ու հրավեր ուղղելով բոլորին` համախմբվելու ամենայն հայոց սրբազան ուխտավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: «...Համազգային Հայ Եկեղեցասէր Երիտասարդաց Կազմակերպութեան պատկառելի այս Առաջին Պատգամաւորական Ժողովը անկասկած նոր էջ մը կը բանայ մեր Սուրբ Եկեղեցվոյ պատմության մեջ
… Նվիրական այս կազմակերպութեան հիմնական նպատակն է Հայց. Եկեղեցւոյ երիտասարդութիւնը առաջնորդել դէպի Աստուած, դէպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, դէպի Հայրենիք, դէպի հաւատքի կեանք, դէպի Քրիստոնէական բարոյականով ապրած կեանք, որուն պտղաբերումը պիտի ըլլայ հայ ընտանիքին ծնունդն ու բարգավաճումը: Երիտասարդաց Կազմակերպութեան նպատակն ու առաքելութիւնն է, որ հայ երիտասարդին կեանքը հաստատուի Աստուծոյ հետ երկխոսության մէջ, Աստուածատուր կեանքը ապրինք համամարդկային սիրոյ զգացումներով, Հայրենիքն ու Սուրբ Էջմիածինը դարձնելով մեր կեանքին մեկնակէտը,հայ ընտանիքը դարձնելով խարիսխը մեր գոյութեան: Հետեւաբար, պատգամաւորական այս Ժողովը պարտականութիւն պիտի վերցնէ բոլորիս համատեղ մտածողութեամբ ստեղծելու նաեւ բարի նպատակները իրագործող միջոցներ», - նշեց Սրբազան Հայրն իր խոսքի մեջ` երիտասարդների խանդավառ ծափողջույնների ներքո հրավիրելով Վեհափառ Հայրապետին իր օրհնությունն ու պատգամը բերելու երիտասարդությանը:Նորին Սրբությունն իր խոսքում, կարեւորելով կազմակերպության ստեղծումը` աշխարհասփյուռ երիտասարդության համախմբման, Հայրենիքի եւ Սյփուռքի երիտասարդների մերձեցման, եկեղեցական կյանքից ներս նրանց գործուն ներգրավման առումներով, ասաց. «Մեր նպատակն է, որ մենք երիտասարդներին համախումբ պահենք մեր Եկեղեցու շուրջ, նրանց կյանքը կազմակերպենք Եկեղեցու հովանու ներքո, Եկեղեցու հարկի տակ, որովհետեւ Եկեղեցին առանցքն է մեր ազգային կյանքի: ....Հայ Եկեղեցին հայ հոգու ծննդավայրն է, հայ ինքնության երաշխավորը, եւ լինել եկեղեցասեր, լինել աստվածասեր` նշանակում է, առաջին հերթին, լինել հայրենասեր»:
ՀՀԵԵԿ-ի հիմնադրման կարեւորագույն նպատակը Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց ազգային ինքնության պահպանությունը, ազգային ոգու կերտումն եւ ձեւավորումը երիտասարդության մեջ` թե' Սփյուռքում, թե' Մայր Հայրենիքում` դրանում տեսնելով նաեւ Հայ Եկեղեցու առաքելությունը: «Մեր մշակույթը, մեր հոգեւոր կյանքն ամբողջ թրծված են քրիստոնեությամբ, քրիստոսակենտրոն են ու քրիստոսակերտ: Եթե ուզում եք լինել ազգի արժանավոր զավակներ, ուրեմն ձեր կյանքի ընթացքը պետք է անցնի Եկեղեցու միջով, Եկեղեցու ճանապարհով», - պատգամեց Հայոց Հայրապետը:
Խոսքի ավարտին Նորին Սրբությունը հորդորեց երիտասարդներին. «Թափանցե'ք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, մեր Եկեղեցու եւ մեր Հայրենիքի խորհուրդի մեջ: Ճանաչե'ք խորհուրդը մեր հարատեւության եւ հավատարմորեն փարված մնացե'ք այս սրբազան խորհրդին, ապրե'ք այս խորհրդով, զորացրե'ք այս խորհուրդը ձեր մեջ եկեղեցաշեն եւ հայրենաշեն գործերով եւ բարի ավանդները մեր հայրերի փոխանցե'ք նոր, եկող սերունդներին»:
Հայոց Հովվապետն իր գնահատանքը հայտնեց Հովնան Սրբազանին` անդրանիկ պատգամավորական ժողովի նախապատրաստական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար, ինչպես նաեւ բոլոր թեմակալ առաջնորդներին եւ հոգեւոր հովիվներին` երիտասարդական կազմակերպության կայացմանը նպաստելու համար:
Հայրապետական «Պահպանիչ» աղոթքից հետո պատգամավորական ժողովը շարունակեց իր աշխատանքները: