Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվող միաբանական համագումարը հանդես եկավ հայտարարությամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվող միաբանական համագումարը հանդես եկավ հայտարարությամբ 21.06.2014
Մայր Աթոռում անցկացվող միաբանական համագումարը հանդես եկավ հայտարարությամբ

Հունիսի 15-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հավաքը, ավարտելով իր աշխատանքը, հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է.
«Մենք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 15-21-ը հավաքվեցինք միաբանական ժողովի համայն հայության հոգևոր կենտրոնում` աղոթական և եղբայրական սիրո մթնոլորտում: Միասնաբար աղոթեցինք մեր Հայրենիքի և առաքելահիմն Սուրբ Եկեղեցու անսասանության ու պայծառության, մեր հավատավոր ժողովրդի բարօրության և բարգավաճման համար` հայցելով ամենակարող Աստծո օգնականությունն ու օրհնությունը:
Ժողովական այս օրերին, խորհրդածության նյութ ունենալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, նաև այցելեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարության հույսով և հավատով աղոթելով անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Հոգևոր մխիթարությամբ արձանագրեցինք, որ 2013 թ. Սուրբ Էջմիածնում գումարված Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը որոշել է սրբադասել Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակներին:
Իջման Ս. Սեղանի առջև նորոգեցինք մեր միաբանական ուխտը` առավել նախանձախնդրությամբ և հավատով իրականացնելու մեր առաքելությունն աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում:
Գոհունակությամբ ենք փաստում հոգևոր-եկեղեցական կյանքում վերջին շրջանում արձանագրված հաջողություններն ու ձեռքբերումները և Եկեղեցու գործուն ներգրավվածությունը մեր հասարակական կյանքի զանազան բնագավառներում: Մենք նաև քաջ գիտակից ենք, որ հայ հանրության առջև ծառացած բարոյական և ընկերային մարտահրավերները դիմագրավելու, ինչպես նաև հոգևոր-եկեղեցական կյանքում տեղ գտնող սայթաքումները շտկելու համար Հայ Եկեղեցու սպասավորներից պահանջվում է առավել ջանք ու եռանդ, աստվածսիրության և հայրենանվիրումի անկոտրում ոգի:
Այս առումով մենք ողջունում ենք անաչառ և կառուցողական քննադատությունը, սակայն, ցավոք, հաճախ նաև հնչում են անհիմն մեղադրանքներ, տեսանելի է ուղղորդված հակաեկեղեցական քարոզչություն Հայ Եկեղեցու և միաբանության հասցեին: Հորդորում ենք մեր ժողովրդին` տուրք չտալ շինծու այդ գնահատականներին և շարունակել գործուն և հանձնառու մասնակցություն բերել եկեղեցական կյանքից ներս` ի փառս Աստծո և ի նպաստ Մայր Եկեղեցու զորացման ու շենացման: Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը եղբայրական սիրո ու նախանձախնդիր ծառայության ուխտի մեջ պիտի շարունակի իր առաքելությունը` ավետարանական լույս պատվիրանների սերմանմամբ կանխելու անցանկալի երևույթները ազգային-եկեղեցական կյանքում:
Հայ Եկեղեցին իր պատմական փորձառությամբ, ամբարած իմաստությամբ և ստեղծած մշտամնա արժեքներով ազգային կյանքում եղել է և այսօր էլ մնում է հայ մարդու ինքնության պահպանության և քրիստոնեական արժեհամակարգի կենսագործման հիմնական երաշխավորը:
Մենք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս, գիտակից մեր կոչմանն ու առաքելությանը, միասնական ոգով ու կամքով վերահաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը և անմնացորդ սերը Սրբություն Սրբոց աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգիս հոգևոր հոր` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ»: