Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից պատվիրակություն չի մասնակցելու Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու բացմանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունով Վանի նահանգապետ Մեհմետ Նիյազի Տանիլիրից ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջոցով ստացվել է հրավեր` սույն թվականի մարտի 29-ին մասնակցելու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը:
Նկատի առնելով, որ Թուրքիայի իշխանությունների կողմից վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցին վերածվելու է թանգարանի եւ չի շարունակելու գործել որպես եկեղեցի Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հոգեւոր իշխանության ներքո եւ բացման արարողությունը կատարվելու է զուտ աշխարհիկ արարողակարգով եւ ոչ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ծեսի համաձայն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակցություն չի բերելու արարողություններին:
Թուրքիայի իշխանությունների կողմից հայ ժողովրդի քրիստոնեական բարեպաշտ զգացումների դեմ ուղղված այս գործողությունը չի կարող ընկալվել որպես դրական քայլ հայ եւ թուրք ժողովուրդների փոխմերձեցման ճանապարհին` առավել եւս ներկա դարի` ժողովուրդների գործակցության եւ կրոնների ու մշակույթների երկխոսության համընդհանուր ձգտումի համատեքստում: