Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նոր հրատարակությունները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը տպագրել է հետեւյալ գրքերը`

1. «Արարատ»-ի ժառանգությունից տպագրվել է Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանցի երկերի ժողովածուի Ա. հատորը, որը հրատարակության է պատրաստել Մայր Աթոռի միաբան, Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Հատորում ամփոփված են հեղինակի աստվածաբանական, պատմական, մատենագրական ու մատենախոսական աշխատությունները եւ ճամփորդական նկարագրությունները:

2. «Հոգեւոր ընթերցումներ» շարքից հրատարակվել է Մկրտիչ Ա Վանեցի Կաթողիկոսի (Խրիմյան Հայրիկ) «Դրախտի ընտանիք» երկը: Աշխատությունն արեւելահայերենի է վերածել Վալերի Պարանյանը: Գրքում ամփոփված են հայ երիտասարդին լիարժեք եւ ամուր ընտանիք կազմելու վերաբերյալ Հայոց Հայրիկի հորդորներն ու դաստիարակիչ խորհուրդները` հիմնված քրիստոնեական սկզբունքների եւ արժեքների վրա, հորդորներ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը:

Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանցի երկերի ժողովածուն հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ, իսկ Խրիմյան Հայրիկի «Դրախտի ընտանիք» երկը` Արմեն եւ Նունե Սարգսյանների հովանավորությամբ: