Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը մասնակցում է Լամբեթի կոնֆերանսին
Հուլիսի 19-ից օգոստոսի 3-ը Քենթրբերիի Արքեպիսկոպոսության Քենթի համալսարանում ընթանալու է Լամբեթի 14-րդ կոնֆերանսը: Ժողովին իր ուղերձն է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր եղբայրական ողջույնները հղելով Քենթրբերի Արքեպիսկոսպոս Դոկտ. Ռոուան Ուիլիամսին եւ իր օրհնությունը բերելով բոլոր մասնակիցներին: Իր ուղերձում Վեհափառ Հայրապետը բարի ընթացք է մաղթել կոնֆերանսի աշխատանքներին:
Լամբեթի կոնֆերանսը Անգլիկան Հաղորդության Եկեղեցիների եպիսկոպոսաց ժողովն է, որը տեղի է ունենում յուրաքանչյուր 10 տարին մեկ: Կոնֆերանսին մասնակցում են նաեւ Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կոնֆերանսին մասնակցում է ԱՄՆ Արեւմտյան Հայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանը:
Կոնֆերանսը անդրադառնալու է ինչպես Անգլիկան Հաղորդության Եկեղեցիների առջեւ ծառացած խնդիրներին, այնպես էլ ողջ աշխարհում արդի մարտահրավերներին եւ հրամայականներին: