Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հինգ միաբաններ կմեկնեն ուսման

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մի շարք միաբաններ իրենց աստվածաբանական ուսումը կշարունակեն արտերկրի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Ըստ այդմ, Տ. Հովնան վարդապետ Հակոբյանը եւ Տ. Հովհաննես աբեղա Սահակյանը կուսանեն Ամերիկայի Միացյալ Նահանգների Ս. Հովհաննես համալսարանում, Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը` Ֆրանսիայի Փարիզի Կաթոլիկ համալսարանում, Տ. Նշան աբեղա Հմայակյանը եւ Տ. Հակոբ աբեղա Գրիգորյանը` Ամերիկայի Միացյալ Նահանգների Ս. Թովմաս Աքվինացի համալսարանում:

Հայր Հովհաննեսն ու Հայր Եղիան արդեն մեկնել են իրենց համալսարաններ:

Ուսումնառությունից հետո հիշյալ միաբաններն իրենց ծառայությունը կշարունակեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում եւ տարբեր կառույցներում: